Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մետրոպոլիտենում և տրոլեյբուսային հավաքակայանում
05.09.2012
Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում:Մետրոյի <<Գարեգին Նժդեհ>> կայարանից քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր շարժակազմով ուղևորվել է <<Սասունցի Դավիթ>> կայարան:Քաղաքապետին զեկուցվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով երեք նոր շարժակազմերին մինչև տարեվերջ կգումարվի ևս երկուսը:Տարոն Մարգարյանը հանձնարարել է տնտեսած գումարների հաշվին շարունակել շարժակազմերի նորացման աշխատանքները:Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է որոշակի քայլեր ձեռնարկել մետրոպոլիտենի շրջակա տարածքում բարեկարգման աշխատանքներ նախաձեռնելու ուղղությամբ:Հավանություն տալով <<Զորավար Անդրանիկ>> կայարանի տարածքում առևտրի կազմակերպման համար սահմանված վայրերում վարձակալի կողմից վերջերս ամբողջությամբ արդիականացված կրպակաշարերի արտաքին տեսքին` քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև մետրոպոլիտենի մյուս կայարաններում առկա առևտրային կետերը ևս միանման տեսքի բերելու ուղղությամբ:<<Հանրապետության հրապարակ>> կայարանում Տարոն Մարգարյանը նախ այցելել է ստորգետնյա պոմպակայան և ծանոթացել է մետրոպոլիտենի ստորգետնյա գրունտային ջրերի հեռացման պոմպակայանների արդիականացման ընթացիկ աշխատանքներին:Հատկանշական է, որ մետրոպոլիտենի գործարկման օրից ի վեր պոմպակայանները երբևէ չեն արդիականացվել, ինչն իր հերթին մեծապես խոչընդոտել է մետրոպոլիտենի սարքավորումների բնականոն աշխատանքին: Համալիր ծրագրի իրականացման արդյունքում ամբողջովին կլուծվի մետրոպոլիտենի ջրահեռացման խնդիրը:Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարանների պոմպակայանների արդիականացման աշխատանքներն ավարտել հնարավորին կարճ ժամկետում. <<Պոմպակայանների արդիականացման ծրագիրը ներառված է մեր այս տարվա ծրագրերում, և արդեն հաջորդ տարի մենք ամբողջությամբ կավարտենք այն, ու այս խնդիրը ևս կլուծվի>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Քաղաքապետը <<Երիտասարդական>> կայարան է ուղևորվել էլեկտրոնային վահանակով կառավարվող նոր շարժակազմի մեքենավարական խցիկում: Մեքենավարը նշել է, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը զգալիորեն հեշտացրել է շարժակազմերի շահագործումը:<<Երիտասարդական>> կայարանի մեքենայական սրահում քաղաքապետը հետևել է նաև շարժասանդուղքներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:Շրջայցի շրջանակում ծանոթանալով մետրոյի կայարանների ստորգետնյա անցման և հարակից տարածքների պայմաններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարաններում ավելացնել նստարանների քանակն ու բարեկարգել կայարանների մուտքերի աստիճանավանդակները:Տարոն Մարգարյանը զրուցել է նաև ուղևորների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու մետրոյի սպասարկման որակի և արդյունավետության հետ կապված առաջարկությունները:Տարոն Մարգարյանը այցելել է նաև մետրոպոլիտենի կենտրոնական կարգավարական կառավարման և տեսահսկման իրավիճակային կենտրոններ, զրուցել աշխատակիցների հետ: Զեկուցվել է, որ ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով մետրոպոլիտենի կայարաններում տեղադրվել են շուրջ 200 տեսախցիկներ, որոնց աշխատանքին պլազմային մեծ մոնիտորներով 24 ժամ անընդմեջ, հետևում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները:Քաղաքապետը հանձնարարել է մետրոպոլիտենի աշխատանքի լիարժեք տեսահսկումն ապահովելու նպատակով կարճ ժամանակում մնացած անհրաժեշտ տարածքները ևս կահավորել տեսախցիկներով:Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մետրոպոլիտենի աշխատակազմի հետ: Շնորհակալություն հայտնելով սրտացավ ու նվիրված աշխատանքի համար` քաղաքապետը վստահեցրել է, որ մետրոպոլիտենը` իր ռազմավարական նշանակությամբ, մշտապես լինելու է թե հանրապետության ղեկավարության և թե քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Խոսելով մետրոպոլիտենի առաջիկա անելիքների և զարգացման ծրագրերի մասին` Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ մետրոպոլիտենի ընդլայնման նպատակը մշտապես լինելու է օրակարգում, և առաջին իսկ հնարավորության դեպքում կյանքի կկոչվեն բոլոր այն զարգացման հեռանկարները, որոնք մետրոպոլիտենի աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ:<<Վերջին տարիներին մեծ ծրագրեր են իրականացվել մետրոպոլիտենում, որոնք այսօր էլ շարունակվում են: Մեր առաջնային խնդիրը մեր համաքաղաքացիների անվտանգ ու հարմարավետ երթևեկության ապահովումն է, ինչը քայլ առ քայլ իրականացնում ենք: Պետք է փորձենք նաև ներդրումային ծրագրերի շրջանակում ավելի հիմնարար խնդիրներ կարգավորել մետրոպոլիտենում, այդ թվում նաև շարժակազմերի արդիականացման ու թարմացման ուղղությամբ>>, - շեշտել է քաղաքապետը:Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև <<Էլեկտրատրանսպորտ>> ընկերություն: Քաղաքապետին զեկուցվել է, որ տրոլեյբուսային պարկում առկա 79 շարժակազմերից այսօր շահագործվում է 60-ը: Քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի վիճակը բարելավելու և հավաքակայանը արդիականացնելու ուղղությամբ.<<Էկոլոգիապես մաքուր այս փոխադրամիջոցն անհրաժեշտ է Երևանին: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր հետագա ծրագրերով ապահովենք էլեկտրատրանսպորտի զարգացումը, մասնավորապես շարժակազմերի արդիականացման, ցանցի ընդլայնման և մալուխային ցանցերի թարմացման մասով>>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև հստակ և որոշակի քայլեր ձեռնարկել առկա շարժակազմերի պահպանման և արտաքին տեսքի բարելավման ուղղությամբ: