Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին

05.09.2012

Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:

Աժ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները, թե քաղաքական, թե տնտեսական, թե խորհրդարանական հարթություններում: Հարաբերությունների հետագա զարգացման համար Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորունը: խորհրդարանի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների ոլորտում մեծ ներուժ կա, որը կարող է նոր հորիզոններ բացել փոխշահավետ համագործակցության հետագա խթանման համար: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ-իրաքյան համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ձեւավորվել հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խումբ, ինչն իր նպաստը կբերի երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Իրաքի նախագահի, խորհրդարանի ղեկավարի ու վարչապետի ողջույնները փոխանցեց Հովիկ Աբրահամյանին: Նրա խոսքով` հայ-իրաքյան հարաբերությունները պատմական ավանդույթներ ունեն, եւ երկկողմ հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ բարեկամությանը: Ըստ փոխվարչապետի` այս այցի նպատակն է զարգացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ, փորձել լրացնել այն բացը, որ եղել է վերջին տարիներին: Ռաուշ Նուր Շաուեյսի խոսքով` փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան բոլոր ոլորնետում: Նա հատկապես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի հետագա խորացումը: Փոխվարչապետը կարեւորելով դիվանագիտական հարաբերությունների հետագա աշխուժացումը տեղեկացրեց, որ նախատեսում են Երեւանում բացել Իրաքի դեսպանատուն: Նա ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ ունի իրաքահայ համայնքն իրեց երկրի կյանքի բոլոր բնագավառներում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Ռաուշ Նուր Շաուեյսը տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում հայ-իրաքյան համագործակցության համապարփակ փաստաթղթի վրա, որի ստորագրումը, նրա խոսքով, նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնեղ այլ հարցերի եւս:

← Վերադառնալ ցուցակին