Լուրեր
Վարչապետն ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրենին
05.09.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրեն Քրիշթիան Մորալեսին: «Intel-ի համար Հայաստանում կան բուռն գործունեություն ծավալելու լավ նախապայմաններ և մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցությանը»,- ասել է վարչապետը:
Քրիշթիան Մորալեսը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեմպերը և նշել, որ Intel-ը շահագրգռված է մեր երկրում իր գործունեությունն ընդլայնել:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Intel-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն հիմնելու աշխատանքների ընթացքին: Այդ նպատակով արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նախաձեռնության ընդհանուր հայեցակարգային մոտեցումների մշակման, անհրաժեշտ ներդրումների ծավալի կանխորոշման, կողմերից յուրաքանչյուրի մասնակցության ձևաչափի հստակեցման նպատակով:
Նշվել է, որ կենտրոնն իրենից ներկայացնելու է հետազոտական լաբորատորիա, որն աշխատելու է Intel-ի առաջնային R&D տեխնոլոգիաների հենքով:
Կողմերը քննարկել են նաև նոյեմբերին 14-15-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 5-րդ ամենամյա «ArmTech Congress-12» շրջանակում համագործակցության հուշագրի մշակման և ստորագրման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: