Լուրեր

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը

05.09.2012

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2012 թվականի սեպտեմբերի 5-ին գումարվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում մեկ հարց էր` ՀՀ ԱԺ հայտարարությունը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ:

Հայտարարության նախագիծը ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարաբերությունների նախագահ Արտակ Զաքարյանը:

Զեկուցողը տեղեկացրեց, որ նախագիծը մշակել է ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ ձեւավորված աշխատանքային խումբը, որը ստեղծվել է երկու օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդունված որոշմամբ: Արտակ Զաքարյանը ասաց նաեւ, որ հայտարարության որոշ կետերի վերաբերյալ եղել են տարակարծություններ, որոնց հավանաբար պատգամավորները կանդրադառնան մտքերի փոխանակման ժամանակ, եւ հայտարարության վերջնական տեքստը կընդունվի քննարկումների արդյունքում:

Նախքան քննարկվող հարցի վերաբերյալ ԱԺ պատգամավորների մտքերի փոխանակմանն անցնելը ԱԺ նիստում նախագահող Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ հուլիսի 4-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ազգային ժողովի նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, եթե պատգամավորը գրավոր դիմումով 15 օրվա ընթացքում հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, նրա լիազորությունների դադարեցման մասին ԱԺ նախագահի ստորագրությամբ արձանագրություն է կազմվում եւ հնգօրյա ժամկետում ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ազգային ժողովը շարունակեց հայտարարության նախագծի վերաբերյալ քննարկումները: Մտքերի փոխանակության համար հերթագրվել էր 29 պատգամավոր:

Բոլոր ելույթ ունեցող պատգամավորները դատապարտեցին Հունգարիայի իշխանությունների դրսեւորած վարքագիծը, Ադրբեջանի անօրինական քայլը, նրա սանձազերծած հակահայկական թշնամանքը, միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքների ոտնահարումն ու պետական մակարդակով հայերի հանդեպ Ադրբեջանի կողմից արմատավորված ատելության մթնոլորտը: Ադրբեջանի նախագահի` մարդասպանին ազատ արձակելու հրամանագիրը որակվեց որպես «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի կոպիտ ոտնահարում:

Որոշ պատգամավորներ հանդես եկան հայտարարության նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններով:

Վահան Հովհաննիսյանն առաջարկեց հստակ եւ կոշտ դիրքորոշում արտահայտել միջազգային իրավական նորմերի խախտմամբ Ադրբեջանի կամայականության վերաբերյալ միջազգային հեղինակավոր կառույցների ոչ «ադեկվատ» գնահատականների համար եւ հայտարարության մեջ ներառել իր խմբակցության ներկայացրած առաջարկը խաղաղ բանակցությունները խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին:

Էդմոն Մարուքյանն առաջարկեց պայմաններ առաջարկել Հունգարիային, որոնց կատարման դեպքում միայն կարող են վերականգնվել նրա հետ դիվանագիտական հարաբերությունները:

Կարեն Ավագյանի գնահատմամբ` հայտարարության մեջ պետք է ներառել Լեռնային Ղարաբաղը բանակցություններին նորից մասնակից դառնալու, ինչպես նաեւ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելու հարցը` կապված միջազգային նորմերը, մասնավորապես սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ քվոտաները Ադրբեջանի կողմից խախտվելու համար:

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց «Դատապարտված անձանց փոխանցման մասին» ԵԽ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն նախաձեռնել` այսօրինակ դեպքերն ընդհանրապես կանխելու ու բացառելու նպատակով: Նշելով, որ այս դեպքը նաեւ մարդու իրավունքների խախտում է` պատգամավորը հնարավոր համարեց եւ առաջարկեց դիմել Եվրոպական դատարան:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն առաջարկեց դիմել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին` Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերություններն ու ծրագրերը դադարեցնելու պահանջով:

Պատգամավորները ելույթներում խորհրդարանի` հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունը, որպես պառլամենտարիզմի բաղկացուցիչ տարր, կարեւոր համարեցին: Նշեցին նաեւ միջազգային կառույցներում կոշտ դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտությունը: Այդուհանդերձ, պատգամավորները առաջարկեցին չբավարարվել այս քայլերով եւ մշակել գորոծողությունների համալիր ծրագիր` թե գործադիր եւ թե օրենսդիր իշխանությունների իրագործման համար: Պատգամավորները նաեւ ընդգծեցին ազգային ու գաղափարական կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հայտարարության տեքստին՝ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ձեւակերպումներում Ազգային ժողովը պետք է ավելի «ռադիկալ» գտնվի, ինչպես երկրի ղեկավարը, ով բավական սուր գնահատականներ հնչեցրեց, քանի որ դեպքը, պատգամավորի խոսքով, իրոք արտառոց էր: Նրա կարծիքով՝ այս հայտարարությամբ Ազգային ժողովը, վերահաստատելով այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նաեւ հորդոր պետք է ներկայացնի երկրի ղեկավարին` քննարկելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նպատակահարմարությունը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկ ներկայացրեց ԱԺ հայտարարության մեջ ներառել Հունգարիայի ներկայիս կառավարության վերաբերյալ որակումներ, որը, պատգամավորի խոսքով, շրջանցեց միջազգային արդարադատության բոլոր չափանիշներն ու եվրոպական արժեքները՝ չդիմանալով նավթադոլարների գայթակղությանը: Սա, ինչպես նշեց, Խոսրով Հարությունյանը, ֆաշիզմ էր պետական մակարդակով, ինչը որակումների տեսքով պետք է տեղ գտնի այս փաստաթղթում:

Հայտարարության վերաբերյալ առաջարկ ներկայացրեց նաեւ Արտաշես Գեղամյանը: Նրա կարծիքով՝ Ազգային ժողովը հայտարարության տեքստում առանձին կետով պետք է շեշտի, որ ՀՀ խորհրդարանը հավանության է արժանացնում հանրապետության ղեկավարի՝ դեպքի առիթով վերջին օրերին հնչեցրած բոլոր գնահատականները:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ առաջարկեց շեշտել, որ եթե ուշանա միջազգային հանրության համապատասխան վերաբերմունքը կատարվածին, Հայաստանի Հանրապետությունը սկսելու է ԼՂՀ-ն ճանաչելու գործընթացը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց շարունակել եւ առանց ընդմիջման սպառել արտահերթ նստաշրջանի օրակարգը:

Քվեարկության արդյունքում խորհրդարանն ընդունեց ԱԺ նախագահի առաջարկը:

← Վերադառնալ ցուցակին