Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտգործնախարարին

04.09.2012

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին:

Ողջունելով նախարարին` պարոն Աբրահամյանը նշեց, որ նրա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու եկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության դինամիկ զարգացումը եւ հետաքրքված է Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես` Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ խորացմամբ: Հովիկ Աբրահամյանը կարեորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը` նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում ստեղծված պատգամավորական բարեկամության խմբերը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարեւոր հիմք կարող են հանդիսանալ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ համագործակցության զարգացմանը` այս համատեքստում կարեւորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստում է նաեւ հայ համայնքը, որը, նախարարի խոսքով, մեծ ներդրում ունի Արգենտինայի տնտեսության եւ այլ ոլորտների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նաեւ ԼՂ հիմնախնդրին` երկուստեք շեշտելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

← Վերադառնալ ցուցակին