Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով

01.09.2012

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Շնորհավորելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ԼՂՀ պետական բարձր պարգեւին արժանանալու համար` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ, այսուհետ եւս պատրաստ է իր բոլոր ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը եւ նրա հզորացմանը:

ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները մասնակցեցին ԼՂՀ անկախության հռչակման 21-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին:

← Վերադառնալ ցուցակին