Լուրեր

Վարչապետն ընդունել է «Օրանժ-ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

28.08.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Օրանժ-ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահ Բընուա Շինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է. «2009 թվականին մենք հնարավորություն ընձեռեցինք «Օրանժ»-ին մուտք գործել հայկական շուկա: Այսօր կարող ենք արձանագրել, որ կառավարության այդ որոշումն իրեն լիովին արդարացրել է, որովհետև ունեցանք նոր ընկերություն, որը տեղեկատվական հաղորդակցության դաշտում ավելացրեց մրցակցությունը, բարձրացրեց մատուցվող ծառայությունների որակը և դրանց հասանելիության աստիճանը, ինչից, բնականաբար, շահեցին մեր քաղաքացիները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
«Օրանժ-ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությունից՝ ցուցաբերվող աջակցության համար: Բընուա Շինը տեղեկացրել է, որ «Օրանժ»-ը պատրաստակամ է հետագայում ևս շարունակել ներդրումները մեր երկրում, ինչպես նաև ավելացնել մատուցվող բարձր մակարդակի ծառայությունների քանակը, ինչին ի պատասխան՝ վարչապետը ՀՀ կառավարության աջակցությունն է հայտնել ֆրանսիական ընկերությանը հետագա ծրագրերի իրականացման գործում:
Այնուհետև Բընուա Շինը կառավարության ղեկավարին է ներկայացրել «Օրանժ-Արմենիա» ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիտբերին, ով այդ պաշտոնում փոխարինելու է իր գործունեությունն ավարտող Բրունո Դյութուային:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վերջինիս՝ մեր երկրում կատարած աշխատանքի համար, և «Օրանժ-Արմենիա» ընկերության նոր ղեկավարին մաղթել հաջողություններ՝ հետագա գործունեության մեջ:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ողջ տարածքում ինտերնետային կապի զարգացմանը, բջջային հեռախոսներում հայերեն ստեղնաշարերի ներդրման հնարավորությանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին