Լուրեր

Վարչապետը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարությանն իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ միջոցառումներ

25.08.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության բնագավառին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն: Վարչապետ Սարգսյանը նշել է. «Պետք է հասկանալ, թե այս բնագավառում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճի միտումներն ինչու են նվազել 4,4 տոկոսով՝ չնայած այն հանգամանքին, որ առողջապահության ոլորտում բավականին լուրջ միջոցառումներ ենք իրականացրել ծառայությունների ավելացման և ստվերի նվազման նպատակով: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումը չի պակասել, բացի այդ, ներդրվել է ապահովագրական մեծ փաթեթը: Այս կարևոր գործոններն առկա են ՀՆԱ-ի աճին նպաստելու համար: Կարծում եմ՝ այստեղ մեկ բացատրություն գոյություն ունի՝ ավելացել է ստվերայնությունը: Այսինքն, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը, և մենք յուրաքանչյուր հիվանդանոցում պետք է ստուգումներ իրականացնենք»:
Կառավարության ղեկավարը զարմանքով է արձանագրել, որ Առողջպահության նախարարությունում ըստ բուժհաստատությունների ամսական մոնիթորինգ գոյություն չունի, հաշվետվությունների հավաքագրման ուղղությամբ նախարարությունում միջոցառումներ չեն ձեռնարկվել և փաստացի բացակայում են համախառն ներքին արդյունքի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշները:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին իր գլխավորած գերատեսչությունում ներդնել մոնիթորինգային համակարգ և յուրաքանչյուր ամիս հանրապետության 466 բուժհաստատություններից օպերատիվ կերպով պահանջել համապատասխան հաշվետվություններ:
Խորհրդակցությանը ներկա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն առաջարկել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել և իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ ծրագրեր: Որպես այս ոլորտում առկա ստվերայնության ապացույց՝ ՊԵԿ նախագահը փաստել է, որ հանրապետության փոքր քաղաքներից մեկի հիվանդանոցը Երևանի հզոր առողջապահական կենտրոններից ավելի մեծ հարկային մուտքեր է ապահովել:
Խորհրդակցության ավարտին ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սեպտեմբերին կամփոփվեն բուժհիմնարկներում իրականացվելիք ստուգումների արդյունքները: Տիգրան Սարգսյանը հորդորել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին խոչընդոտների դեպքում անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ:


 

← Վերադառնալ ցուցակին