Լուրեր
Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կբարեկարգվի Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը
24.08.2012
							Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<Ինգո Արմենիա>> ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի ու <<ՎՏԲ Հայաստան>> բանկի մանրամեծածախ դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:                   <<Մասնավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության հաջողված օրինակներ մենք արդեն ունենք, ինչն իսկապես ողջունելի է: Մասնավորապես, <<ՎՏԲ Հայաստան>> բանկի աջակցությամբ արդեն իսկ վերագործարկվել են Գլխավոր պողոտայի  Մաշտոցի պողոտա և Սարյան փողոցի միջնամասում գտնվող այգու շատրվանները։ Եվ այսպիսի օրինակներ այսօր արդեն շատ ունենք: Մենք էլ մեր լիազորությունների շրջանակում միշտ աջակցում ենք մեր գործընկերներին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է ու պատրաստակամ է կյանքի կոչելու մայրաքաղաքն առավել հարմարավետ և ներկայանալի դարձնելու ցանկացած առողջ առաջարկ>>,- նշել է Տարոն Մարգարյանը:                                              Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ընկերությունների ներկայացուցիչները բարձր են գնահատել քաղաքապետի մոտեցումներն ու իրենց հերթին ընդգծել, որ իրենց ընկերությունները մեկ անգամ չէ, որ համոզվել են Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ: Ըստ այդմ,  նաև վստահեցրել են, որ պատրաստակամ են շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը: Ի մասնավորի, <<ՎՏԲ Հայաստան>> բանկի  ներկայացուցիչն ու <<Ինգո Արմենիա>> ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն են հայտնել քաղաքապետարանի կողմից այգիների և շատրվանների բարեկարգման ծրագրերի շրջանակում մասնակցություն ունենալ Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը կանաչապատելու և շատրվանները բարեկարգելու աշխատանքներում: Այդ համատեքստում Տարոն Մարգարյանին են ներկայացվել նաև վերոնշյալ հատվածի բարեկարգման նախնական էսքիզները:                                                                   Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար` քաղաքապետը զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետին հանձնարարել է ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ համապատասխան մասնագետների հետ քննարկել առաջարկներն ու հաստատման ներկայացնել բարեկարգման վերջնական տարբերակը: 
Հանդիպման ավարտին, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանի հետ սերտ համագործակցելու պատրաստակամության համար, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ համագործակցությունը կլինի երկուստեք փոխշահավետ և շարունակական: 
