Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվոգրեր է հանձնել <<Բազե 2012>>-ի բացարձակ առաջատար <<Երևան>> ջոկատի անդամներին

22.08.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է <<Բազե 2012>> համահայկական երիտասարդական հավաքի հաղթող Նարնջագույն ճակատի <<Երևան>> ջոկատին: Շնորհավորելով հաղթողներին՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության և հաղթանակի ակնկալիքներն արդարացնելու համար:<<Երևան>> ջոկատի անդամներին քաղաքապետը հրավիրել է ներգրավվելու և մասնակցելու Երևանի երիտասարդական խորհրդի գործունեությանը:<<Իմ խորին համոզմամբ՝ երիտասարդությունը պետք է լայնորեն ներգրավված լինի նաև քաղաքային նշանակության ծրագրերի քննարկման ու դրանց իրականացման գործում: Կարող եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես կաջակցի բոլոր այն առողջ նախաձեռնություններին, որոնցով հանդես կգաք դուք և ձեր ընկերները>>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:<<Բազե 2012>>-ի <<Երևան>> ջոկատի ղեկավար Գոշ Սարգսյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար, նշել է, որ երիտասարդներն իսկապես պատրաստակամ են մասնակցելու համաքաղաքային ծրագրերի իրականացմանն ու վստահեցրել է, որ առաջիկայում կփորձեն գործով ապացուցել այդ պատրաստակամությունը:Քաղաքապետ Տարոն Մարգարյանը <<Բազե 2012>> համահայկական երիտասարդական հավաքի ինտելեկտուալ, մարզական ու մշակութային բոլոր մրցույթներում ներճակատային, ապա և բացարձակ առաջատար դարձած <<Երևան>> ջոկատի անդամներին պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ 10-րդ հոբելյանական հավաքում գերազանց արդյունք ցուցաբերելու համար:

← Վերադառնալ ցուցակին