Լուրեր

Մետրոպոլիտենի տարածքում ավարտվել են WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները

20.08.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գեղարվեստական լուսավորությամբ ապահովված արձանների լուսավորման ժամանակացույցը կերկարաձգվի գիշերային ժամերին: Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ ընթացքի մեջ են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների ծառերի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:
Անխափան գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի այրված լամպերն ու կարճ ժամկետում վերականգնել վթարները` ներառելով նաև բակային տարածքները:Երևանի քաղաքապետարանի 2012թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում արդեն ավարտվել են կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է նաև բակային տարածքներում: Քաղաքապետի տեղակալը, նշելով, որ ցայտաղբյուրների բարեկարգման ու վերագործարկման աշխատանքները մեծ ոգևորություն ու գոհունակություն են առաջացրել ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքի բազում հյուրերի շրջանում, փոխանցել է ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ քաղաքապետի հանձնարարականը: Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2012թ. ծրագրով իրականացվող ասֆալտապատման և ճաքալցման աշխատանքների մասով զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է բարեկարգված փողոցներում զուգահեռաբար շարունակել նաև գծանշման աշխատանքները:Անդրադառնալով կանաչ տարածքների խնամքին և ոռոգման համակարգերի արդյունավետ շահագործմանը` հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Մարզահամերգային համալիրի մերձակա անտառային տարածքների համատարած ոռոգումն ապահովելու ուղղությամբ: Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Մրցույթի արդյունքում բացառապես ընտրվում են այն շարժակազմերը, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին:Զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, գույքագրվել են մայրաքաղաքի ավտոկայանատեղիներն ու ուսումնասիրվել են դրանց համար տրամադրված բոլոր պայմանագրերը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է վերահսկողությունը վարձակալների պայմանագրային պարտավորություններով սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ: Արդեն ավարտվել են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները: Շուտով այդ համակարգով ապահովված կլինեն նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, զեկուցվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

← Վերադառնալ ցուցակին