Լուրեր
Պետությունը կշարունակի աջակցել գյուղացուն
16.08.2012
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից ձեռք բերել և Հայաստան ներկրել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու։ Նշելով, որ նման սերմացու Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առաջին անգամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ սուպերէլիտային սերմացուն օգտագործվելու է սերմնաբուծության զարգացման նպատակով։
Գործադիրը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2012թ. աշնան համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնելով ավելի քան 632 մլն. դրամ։ Վարչապետը հիշեցրել է, որ համանման որոշում էր ընդունվել նաև գարնանացանի աշխատանքին օժանդակելու համար։ «Այժմ նույնպես բոլոր մարզերից հավաքել ենք գյուղացիական տնտեսությունների ներկայացրած ամբողջ պահանջարկը և լրիվ բավարարելու ենք այն,- հավելել է Տիգրան Սարգսյանը։- Ըստ էության, պետությունը սուբսիդավորում է դիզվառելիքը, որպեսզի այն ավելի մատչելի գնով հասնի գյուղացուն»։ Կառավարությունն իր հաջորդ որոշմամբ հաստատել է նաև երկրի հողօգտագործողներին 2012թ. աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որը, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, իրականացվել էր գարնանացանի ժամանակ։ «Մենք հավաքել ենք գյուղացիական տնտեսությունների ամբողջական պահանջարկը և ունենք բաշխվածությունն ըստ մարզերի։ Բացի այդ, այս տարի Վանաձորի քիմիական կոմբինատը կսկսի արտադրել բարձրորակ պարարտանյութ, ինչը նշանակում է, որ ապագայում մենք կկարողանանք պահանջարկն ամբողջությամբ ապահովել տեղական արտադրության պարարտանյութով։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս պահին 5000 տոննա ենք ներմուծում, իսկ մնացած պահանջարկն արդեն կբավարարենք տեղական արտադրության պարարտանյութով։ Գյուղացիներին մատակարարվելիք պարարտանյութի գինը մնում է նույնը, տարբերությունը սուբսիդավորելու ենք պետական բյուջեից»,- ասել է վարչապետը։
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերը 2012թ. ոռոգման շրջանում անխափան ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով գործադիրն իր ավելի վաղ ընդունած «Ոռոգման նպատակով 2012 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն` սահմանելով մինչև 279.2 մլն խորանարդ մետր։
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխմամբ և հաշվի առնելով անցած փորձն ու փաստացի իրողությունները, գործադիրը նպատակահարմար է համարել ջրաչափական սարքերի ձեռք բերման և տեղադրման ծախսերը կամ ծախսերի մի մասն իրականացնել ջրամատակարար կազմակերպությունների կողմից` համակարգում գործող վարկային և դրամաշնորհային ծրագրերի հիման վրա։ Ակնկալվում է նաև բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի տեխնիկական վիճակը, կրճատել հոսքակորուստները։
Օգնություն է ցուցաբերվում Իրանի բնակիչներին
ՀՀ կառավարությունը ընդունել է 2012թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու որոշում` այդ նպատակով տրամադրելով մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` վրաններ, ներքնակներ, քնապարկեր, բացովի մահճակալներ, ինչպես նաև խմելու ջուր և պահածոյացված մթերք։ «Մենք մեր իրանցի գործընկերների հետ քննարկել ենք առաջին անհրաժեշտության պարագաները, որոնց կարիքն ունեն մեր գործընկերները, և առաջիկա երկու օրերի ընթացքում կհստակեցնենք ցուցակը։ Նաև երկու օրվա ընթացքում կկազմակերպենք, որպեսզի այդ ապրանքները տեղափոխվեն Իրան»,- այս առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած Բագրատաշենի, Բավրայի և Ձորամուտի (Գոգավանի) գյուղական համայնքների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի և օբյեկտների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի կատեգորիան փոխելու որոշմամբ Ձորամուտի համայնքի 11 հողամասերից 3-ի սեփականատերերին փոխհատուցման գումարը վճարվել էր։ Այսօրվա որոշմամբ մնացած ութ սեփականատերերին վճարելու համար հատկացվել է 24մլն 685 հազար 500 դրամ։
Կառավարության որոշմամբ 2012թ. ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման դիմաց վճարելու նպատակով ՀՀ դատախազությանը հատկացվել է ավելի քան 86 մլն դրամ։
Կառավարության որոշմամբ «Պարադիզ» ՍՊԸ-ն, կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ-ն, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» ՀԿ-ն, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի ազգային կինոակադեմիա» ՀԿ-ն, Ուկրաինայի քաղաքացի Ռոման Բալայանը և Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, հիմնադրում են «Հայ արտ սինեմա» հիմնադրամը։ Հիմնադիրներին առաջարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հովհաննես Ավագյանին։ Որոշման ընդունումը պայմանավորված է ժամանակակից հայ կինոյի, կինեմատոգրաֆի զարգացման, կրթական համակարգում բարձրակարգ ռեժիսուրայի ստեղծման անհրաժեշտությամբ։
Առաջնահերթ լուծում են ստանում սոցիալական հարցերը
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով նախատեսվում է օպտիմալացնել սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքը, ձևավորել երկու նոր ստորաբաժանում, հստակեցնել կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և մի շարք այլ գործընթացներ։ Ակնկալվում է, որ որոշումների իրագործմամբ կմեծանա սոցիալական ապահովության պետական ծառայության առջև դրված խնդիրների իրականացման արդյունավետությունը։
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, գործադիրը սահմանել է, որ Հաշվի օպերատոր կարող են դառնալ Հայաստանի տարածքում գտնվող բանկերը, ներդրումային ընկերությունները և ՀՀ փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են նշված օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված պահանջները։
Կառավարությունն իր նիստում հաստատել է փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը, որի կիրառմամբ ակնկալվում է ապահովել այդպիսի օգնության որակը, ապահովել դրա անվտանգությունը։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում, ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի հանրային շենքերում ներդրվեն էներգախնայողության համակարգեր, ինչպես նաև ձեռնարկվեն ՀՀ գազաքիմիական ճյուղի վերակառուցման միջոցներ։
Խուլերի ուսուցումը կիրականացվի հայերեն ժեստերի լեզվով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Լեզվի մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և ՀՀ ևս չորս օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է խուլերի ուսուցումն իրականացնել հայերեն ժեստերի լեզվով, ինչը կապահովի խուլերի մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը։
Գործադիրը հավանության է արժանացրել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերը, որոնցով նախատեսվում է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի պետական կրթական չափորոշիչներում ներառել ռազմական կրթության ծրագրերը։
Կառավարության հավանությունն է ստացել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան չի տրամադրվի։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որը միտված է միջազգային վիճակագրության համագործակցության մեջ վիճակագրության պետական լիազոր մարմնի ներկայացուցչի աստիճանի բարձրացմանը։ Գործադրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2013-2015թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը։
Կառավարությունը քննության է առել «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ։ Գործադիրը գտնում է, որ այն լրամշակման կարիք ունի և նպատակահարմար չի համարում ներկայացված տեսքով դրա ընդունումը։
Կառավարությունը որոշել է իր նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացրած տասը օրենքների նախագծերը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համաձայնություն է տրվել Հայաստանի և Նոր Զելանդիայի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրն ընդունել է Լոռու մարզի Խնկոյանի համայնքի ղեկավարի 2012թ. օգոստոսի 26-ի նոր ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը` 2013թ. աշնանային զորակոչ, տարկետում է տվել Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրա ընդունված Տիգրան Գալոյանին և Արսեն Սարգսյանին։
Կառավարության որոշմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին մեկ տարի ժամկետով տրվել է ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր։
Գործադիրը «Ալնես քոնսթրաքշն» ՍՊԸ-ին թույլատրել է մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել սահմանված քանակի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ։
Կառավարությունը որոշել է Երևանի «Գ. Նազարյան և ընկերներ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր։