Լուրեր

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ

15.08.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար: «Ակնհայտ է, որ Ձեր գործունեւթյունը լուրջ ազդեցություն է ունեցել հայ-լիտվական կապերը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաև ամրապնդելու գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կողմերը բարձր են գնահատել տարբեր բնագավառներում, մասնավորապես, ռազմական, մշակութային և կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը և վստահություն հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական:
Միաժամանակ, զրուցակիցները նշել են, որ հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերությունները դեռևս գտնվում են անբավարար մակարդակի վրա՝ չնայած առկա ներուժին: Գիեդրիուս Ապուոկասը տեղեկացրել է, որ լիտվական մի քանի ընկերություններ հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կողմի գործընկերների հետ համագործակցությամբ: Տիգրան Սարգսյանը և դեսպանը հույս են հայտնել, որ այդ հետաքրքրությունը կհանգեցնի Հայաստանում լրացուցիչ ներդրումների ներգրավմանը:
Հանդիպման ավարտին վարչապետը Գիեդրիուս Ապուոկասին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:

 

← Վերադառնալ ցուցակին