Լուրեր

Հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան

14.08.2012

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած ժամանակահատվածում համապատասխան բաժիններ քաղաքացիների կողմից ուղղված 11055 դիմումներից դիմում-բողոքներն են եղել 21-ը, որից 8-ը` կրկնակի: Տարոն Մարգարյանը սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է անձամբ հանդիպել դիմումատուների հետ, տեղում ուսումնասիրել հարցը և հստակ քայլեր ձեռնարկել բարձրացվող խնդիրների լուծման ուղղությամբ:<<Ոչ թե վարչական շրջանների սոցիալական ծառայությունների ներկայացրած հաշվետվություններով է պետք գնահատել հատկապես այդ խմբում ներառված քաղաքացիների հետ տարվող աշխատանքը, այլ տեղում, հենց նույն դիմումատուների հետ անմիջական հանդիպումներով, նրանց լսելով ու հասկանալով, թե ինչից է բողոքում քաղաքացին: Առավել ևս կրկնակի դիմում-բողոքների պարագայում, ինչը նշանակում է, որ դիմումատուին չի բավարարել տրված պատասխանը>>,- շեշտել է քաղաքապետը:Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` գույքագրվել և ուսումնասիրվել են նաև ավտոկայանատեղիների համար տրամադրված բոլոր պայմանագրերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ամենօրյա ժամանակացույցով խստորեն վերահսկել ավտոկայանատեղիների աշխատանքը: Պատասխանատուներին հանձնարարվել է նաև կարճ ժամկետում, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, քննարկել և ներկայացնել ավտոկայանման համար նպատակահարմար վայրերի նախնական քարտեզը:Երևանի արտաքին տեսքի բարեկարգման 2012թ.-ի ծրագրի շրջանակում բարեկարգված ու նկարազարդված շուրջ վեց տասնյակ կամարանցումների շարքը շուտով կհամալրվի ևս 55-ով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ լրացուցիչ ծրագրով արդեն մեկնարկել են երևանյան դեռևս չնկարազարդված մյուս բոլոր կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Զեկուցվել է, որ այդ աշխատանքները կավարտվեն մինչև հոկտեմբեր:Ընդառաջելով Կենտրոն վարչական շրջանի բնակիչների խնդրանքին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ շաբաթ և կիրակի օրերին Կենտրոն վարչական շրջանում նույնպես կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Այս ուղղությամբ հանձնարարականներ են տրվել համապատասխան բոլոր ստորաբաժանումներին: Զեկուցվել է, որ քաղաքապետարան - վարչական շրջաններ - համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում արդեն վերանորոգվել է 898 շքամուտք:Մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շարունակվում են նաև բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարությունների ու պաստառների մաքրման աշխատանքները: Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ: Բացի այդ, ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները: Շուտով այդ համակարգով կապահովվեն նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները:Նոր ուսումնական տարվան ընդառաջ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր գերատեսչություններին և ծառայություններին հանձնարարել է հավուր պատշաճի պատրաստվել այն դիմավորելուն: 

 

← Վերադառնալ ցուցակին