Լուրեր
Վարչապետը Բյուրականում հանդիպել է սկաուտական բանակումի մասնակիցներին
11.08.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 10-ին Բյուրականում հանդիպել է հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված սկաուտական միջազգային բանակումի մասնակիցներին: Կառավարության ղեկավարը ծանոթացել է սկաուտների առօրյային, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
«Մեր հանդիպման խորհուրդը կայանում է նրանում, որ մենք ձեզ հետ նշում ենք հայկական սկաուտական շարժման 100-ամյակը, մի շարժում, որն էական նշանակություն ունի երիտասարդության դաստիարակման գործում: Հայկական սկաուտական շարժման առանձնահատկությունը հայրենասիրությունն ու հայապահպանությունն է: Սկաուտական շարժումը դաստիարակում է պատասխանատվության զգացումով երիտասարդների, պատասխանատվություն՝ սեփական անձի, հայրենիքի, ընկերների նկատմամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը և շնորհավորել ներկաներին հայկական սկաուտական շարժման 100-ամյակի կապակցությամբ:
Բյուրականում տեղակայված սկաուտական բանակումին, որը կազմակերպվել է Հայաստանի ազգային սկաուտական շարժման նախաձեռնությամբ, մասնակցում են 14 երկրների 200-ից ավելի սկաուտներ: