Լուրեր
Սիրիահայ երեխաները կհանգստանան Հայաստանում
09.08.2012
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի սկզբում վարչապետը տեղեկացրել է, որ այսօր Երևան է տեղափոխվում սիրիահայ երեխաների առաջին խումբը, որն ամառային հանգիստն անցկացնելու է Հայաստանում։ Ծրագրի մանրամասները կառավարության անդամներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարարը։
ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, 2012 թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները։
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի զեկուցումը կառավարության 2012 թ. հունվարի 12-ի` ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2012 - 30.06.2012 թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը։ Կատարման ենթակա 46 կետից կատարվել է 45-ը կամ 97.8 տոկոսը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունում արդեն լսվել է 16 գերատեսչության հաշվետվությունը, մյուսները հաշվետվություն կներկայացնեն արձակուրդից վերադառնալուց հետո։ Ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարություններ։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով ավելի վաղ ընդունած իր երեք որոշումներում, կառավարությունը վերաբաշխել է ընթացիկ տարում ՀՀ մարզերում իրականացվելիք շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և գնման պայմանագրերի կնքման արդյունքում տնտեսված գումարները` դրանք ուղղելով համայնքների առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացմանը։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան և հիմք ընդունելով կառավարության 2012 թ. ապրիլի 12-ի նիստում հավանության արժանացած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված 2008-2012 թթ. պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը` գործադիրը 2012 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ ֆինանսների նախարարին թույլատրել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների հաշվին» ծախսային ծրագիրը ֆինանսավորել 2012 թ. պետբյուջեի ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին` դրանք կայունացման դեպոզիտային հաշվից մինչև 2012 թ. բյուջետային տարվա ավարտը վերականգնելու պայմանով։
Ուղեգիր կստանա պատերազմի 100 վետերան
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` ՀՀ կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի 100 վետերանի հանգստի կազմակերպման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է 12 մլն դրամ։ Հաշվի են առնվել վետերանների վաստակը, նրանց մեծ մասի պատկառելի տարիքը և առողջության պահպանման և վերականգնման կարևորությունը։ «Մեր վետերաններին պետության միջոցների հաշվին ամառային հանգստի ուղարկելը դարձել է գեղեցիկ ավանդույթ», - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Սոցիալական ոլորտին առնչվող ևս երկու որոշումներից առաջինով սահմանվել է, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու գործերը երեք տարվա փոխարեն կպահպանվեն հինգ տարի, կհստակեցվեն օրենսդրության մեջ կիրառվող տերմինները, երկրորդով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է ՔԿԱԳ տարածքային բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման և գործարկման համար անհրաժեշտ գումարը։
Պատասխանելով ՀՀ վարչապետի հարցին` ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարարը տեղեկացրել է, որ այժմ մեր երկիր ներկրվելիք 640 տոննա սերմացուից տեղ է հասել կամ ճանապարհին է 180 տոննան։ Այդ աշխատանքը կավարտվի մինչև օգոստոսի 15-ը։
Հավանություն է տրվել ներդրումային ծրագրին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էկոտոմատո» ՓԲԸ ներկայացրած Կոտայքի մարզի Գողթ համայնքում ջերմատան կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին։ 2011 թվականից գործող ընկերության ջերմատնային տնտեսությունում աճեցվում են Հոլանդիայից բերված բարձրորակ վարդեր, որոնց հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս և Շվեդիա։ Վարդերը մատչելի գներով իրացվում են նաև Հայաստանում։ Հավանություն ստացած ծրագրով նախատեսվում է գործող ջերմատան հարակից տարածքում մեկ-երկու տարում կառուցել ևս երեք հեկտար ջերմատուն և 2.5 անգամ ավելացնել վարդերի արտադրությունը և արտահանումը։ Հաջորդ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել Գողթի գյուղական համայնքի ղեկավարի` համայնքի սեփականությունը հանդիսացող ավելի քան 3.5 հա անջրդի, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար ոչ պիտանի հողամասը կադաստրային արժեքով «Էկոտոմատո» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի ձևով օտարելու առաջարկությանը։ Ծրագրի իրականացման համար կկատարվի 3-4 մլրդ դրամի ներդրում, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի Գողթի բնակչության սոցիալական դրությունը։
Հստակեցվել են գիշերը հրավառություն կազմակերպելու ժամերը
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ գիշերային ժամանակ հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրվա 01։00-ն, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01։00-ն` ՀՀ պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Ամանորին` նաև քաղաքացիների կողմից։
Գործադիրը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, հնարավորություն է տալիս տնտեսական շրջանառության մեջ դնել պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ գործառույթներն իրականացնել միասնական մոտեցմամբ, ապահովել գործընթացի առավելագույն հրապարակայնությունը։
Փոփոխվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը
Նկատի առնելով, որ 1998 թ. ընդունված գործող օրենսգիրքը կիրառվում է ավելի քան տասը տարի, երբ երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, ՀՀ կառավարությունն անխուսափելի է համարում քրեական գործերի քննության և լուծման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտի փոփոխությունները։ Նիստում հավանություն է տրվել օրենսգրքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության քրեադատավարական երաշխիքները, հավասարակշռել հանրային և մասնավոր շահերը, բարձրացնել դատարանի դերն ու նշանակությունը, քրեական դատավարությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և այլն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և կենտրոնական բանկը, մինչև օրենսգրքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելը, մեկ անգամ ևս քննարկեն փաստաթղթի հայեցակարգային դրույթները։
Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի ընդունումը, ըստ հեղինակների, կվերացնի այս և «Կրթության մասին» օրենքի անհամապատասխանությունը։ Կառավարությունը որևէ առարկություն չի ներկայացրել օրինագծի վերաբերյալ։ Հաջորդ նախագիծը, որը նույնպես ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունն է, միտված է ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխություններով և լրացումներով այն համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը։ Գործադիրը մի շարք առաջարկներ է արել, որոնց ընդունման դեպքում միայն ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը։
ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում։ Կառավարությունն այս դեպքում ևս ունի առաջարկություններ, որոնց ընդունմամբ ընդունելի կհամարի օրինագիծը։
Կառավարությունը որոշել է իր նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրած ութ օրենքի նախագծերը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ Գործադիրը նաև նպատակահարմար է համարել ԱԺ-ում գտնվող չորս օրինագծերի, աննպատակահարմար` մեկ օրինագծի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Ավելի լավ կպաշտպանվեն սպառողների իրավունքները
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ համապատասխանության գնահատման նշանակված մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության գնահատման, մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգերը,
- ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը, որի նպատակը ոլորտի բարեփոխումն է, դրա համապատասխանեցումն ազգային տնտեսության նոր իրողություններին, ինչպես նաև ոլորտի կանոնակարգման աստիճանական մոտարկումը Եվրամիության դիրեկտիվներին և միջազգային պահանջներին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության հայեցակարգին և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին։
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի փոխադարձ այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Նոր Զելանդիայի կառավարությունների տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությունը։
Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության երրորդ զեկույցը` Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն։ Հայաստանի ազգային փոքրամասնություններից մեկը` եզդիների համայնքը, կառավարություն է դիմել աղջիկների ամուսնության տարիքը 18-ից մինչև 16 տարին նվազեցնելու խնդրանքով։ Տեղեկացնելով սույն դիմումի բովանդակությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է հարցը ևս մեկ անգամ համակողմանիորեն քննարկելու անհրաժեշտությունը, որպեսզի հակասություն չառաջանա իրականության և օրենսդրության միջև։
ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետների տարկետում են ստացել Նարեկ Թովմասյանը, Արշավիր Ղահրամանյանը, Վիտալի Ավագյանը, Հայկ Կուպելյանցը և Վահան Մարտիրոսյանը, ովքեր ընդունվել են համապատասխանաբար` Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրա, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Լոնդոնի կայսերական քոլեջի ասպիրանտուրա, Քեմբրիջի Սիդնեյ Սյուսեքս քոլեջի ասպիրանտուրա և Լոնդոնի համալսարանական քոլեջի բակալավրիատ։