Լուրեր
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում
09.08.2012
Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները:Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակ-պուրակներ:Ավան-Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջանի բակը ևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով էին կահավորվել նաև Քուչակ և Չարենց թաղամասերի բակային տարածքները:Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել ճեմուղիները, ինչպես նաև իրականացվել կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներ:Դեռ ապրիլյան շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել էր նաև այս բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին ու դեռ այն ժամանակ խոստացել էր բնակիչներին անձամբ մասնակցել բակերի հանդիսավոր բացմանը: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին բակերի բարեկարգման համար` ընդգծելով, որ բակերի, պուրակների ու այգիների բարեկարգումն իրապես շատ կարևոր է:Քաղաքապետն էլ իր հերթին, շնորհավորելով բնակիչներին, կոչ է արել մասնակից դառնալ մայրաքաղաքի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին և խնամքով վերաբերվել, պահպանել այն ամենը, ինչն արվում է սիրով ու ստեղծվում է բնակիչների հարմարավետությունն ապահովելու համար: Քաղաքապետը շրջել է բակերում ու բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքները.<<Երևան քաղաքի զարգացման այս տարվա ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների կեսն արդեն արված է, մյուս կեսն էլ ընթացքի մեջ է: Անշուշտ, անելիքներ դեռ շատ կան, բայց արդեն իսկ տեսանելի են կատարված աշխատանքի արդյունքները: Մենք դեռ տարեսկզբին խոստացել էինք, որ բակերի համալիր բարեկարգման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ կիրականացնենք, ու այսօր բոլորն են համոզվում, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում հետզհետե ավելանում է բարեկարգ բակերի թիվը: Այս ուղղությամբ տարեկան ծրագիրը դեռևս չի ավարտվել և մինչև տարեվերջ դեռ մի քանի տասնյակ բակեր ևս կբարեկարգենք ու կհանձնենք մեր բնակիչների տնօրինմանը: Եվ ընդհանրապես, այս ծրագիրը կլինի շարունակական ու մի քանի տարվա ընթացքում Երևանի բոլոր բակերը կլինեն բարեկարգ և հարմարավետ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:Բրյուսով թաղամասի նորաբաց բակի տեղում նախկինում ամբողջությամբ ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ են եղել: Նախկին անխնամ տարածքի փոխարեն այսօր վառ գույներով ձևավորված բակ է այստեղ` լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով, ինչն իր հերթին արդեն իսկ վկայում էր, որ կառուցված նոր խաղահրապարկն այլևս սիրված ու հանգստի հարմարավետ գոտի է դարձել:Քաղաքապետի հետ անմիջական շփումների ընթացքում բնակիչները Տարոն Մարգարյանին ներկայացրել են նաև իրենց հուզող խնդիրները:Քաղաքապետը տեղում վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է առավել հետևողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերին հնարավորին շուտ լուծումներ տալու հարցում.<<Բոլոր վարչական շրջաններում էլ յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն, ինչը կարևոր և առաջնահերթ անհրաժեշտություն է բնակչի հոգսերին անձամբ տեղեկացված լինելու և դրանց հնարավորության սահմաններում անմիջապես լուծումներ տալու համար: Այս նպատակով նաև քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներն են սահմանված ժամանակացույցով հանդիպումներ ունենում քաղաքացիների հետ: Երևանի քաղաքապետի վարչական շրջաններ կատարած պարբերական շրջայցերը ևս մեկ լրացուցիչ հնարավորություն են անձամբ շփվելու և անմիջական մթնոլորտում տեղեկանալու մեր բնակիչներին հուզող խնդիրներին և հնարավորության ու լիազորությունների շրջանակում դրանց հենց տեղում լուծումներ տալու առումով>>,-նշել է քաղաքապետը:Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Երևանի թիվ 54 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Քաղաքապետարանի ծրագրով այստեղ հիմնովին փոխվում էին լուսամուտները, կատարվում ներքին հարդարման աշխատանքներ:Օգտվելով առիթից, երեխաների ծնողներն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ՆՈՒՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:Քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ ուսումնական հաստատությունների, այդ թվում նաև նախադպրոցական հաստատությունների նորոգման և հիմնանորոգման հարցը եղել և մնում է քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից մեկը.<<Այս տարի ևս Երևան քաղաքի բյուջեով նախատեսել և իրականացնում ենք մանկապարտեզների հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ: Գործընթացն իրականացվում է բոլոր 12 վարչական շրջաններում: Այս աշխատանքները ևս լինելու են շարունակական: Մենք 2011թ.-ին ավարտեցինք մանկապարտեզների ջեռուցման համակարգով ապահովման աշխատանքները և առաջիկա մի քանի տարիների ընթացքում ամբողջությամբ կլուծենք նաև մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների վերանորոգման խնդիրը>>,- նշել է քաղաքապետը:Աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել նաև մի շարք բակային տարածքներում դեռևս ընթացող պուրակների բարեկարգման աշխատանքները: