Լուրեր

Կնքվել է մետրոյի վերակառուցման և վերազինման եռակողմ պայմանագիր

03.08.2012

 Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և <<Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն>> ՓԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ պայմանագիր են կնքել մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման և վերազինման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար 5 մլն եվրո տրամադրելու վերաբերյալ: Բացի ՎԶԵԲ-ի 5 մլն եվրո վարկից, ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից 5 մլն եվրո և նույնչափ գումարով Եվրոպական միության կողմից ներդրումային դրամաշնորհով:Պայմանագրի ստորագրումը նախատեսում է մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը: Ծրագրի առաջին փուլը ևս ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԵՄ-ի կողմից ընդհանուր 15 մլն եվրոյի չափով 2010 թ.-ին` մետրոյի կայունությունը, էներգաարդյունավետությունը և անվտանգությունը բարելավելու նպատակով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը վստահելի և լուրջ գործընկեր է Երևանի քաղաքապետարանի համար և համոզմունք է հայտնել, որ երկուստեք ծրագրերը կշարունակվեն առաջիկայում ևս ու կընդգրկեն քաղաքային տնտեսության այլ ոլորտներ: Անդրադառնալով մետրոյի վերականգնման ծրագրին` քաղաքապետը նշել է. <<Մետրոն մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային միջոցներից մեկն է, և Երևանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շատ ենք կարևորում այս ծրագրի իրականացումը, որով առաջին հերթին մեր բնակիչների անվտանգության խնդիրներն ենք լուծում>>:ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ իր հերթին նշել է, որ այս փուլի ստորագրմամբ ըստ էության կամբողջանա Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը. <<ՀՀ կառավարությունն իր հերթին, մշտապես ուշադրության կենտրոնում պահելով Երևանի ենթակառուցվածքների զարգացումը, փորձում է վարկային միջոցներ ներգրավել այդ ուղղությամբ>>,- նշել է ՀՀ ֆինանսների նախարարը: Ծրագրի երկրորդ փուլի հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման վրա, միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի էական խնայողություն: Ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև շարժակազմերի արդիականացումը:Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը, կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, պատրաստակամություն և ցանկություն է հայտնել շարունակելու Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը քաղաքային տնտեսության այլ ոլորտներում:

← Վերադառնալ ցուցակին