Լուրեր

Երևանի քաղաքապետն ընդունել է Իրանի դեսպանին

03.08.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և իրանական քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն այսուհետ ևս կզարգանան ու կկրեն գործնական բնույթ. <<Համոզված եմ, որ Երևանի և Իրանի քաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը կշարունակվի, և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դրանք էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ>>,- նշել է քաղաքապետը:Դեսպանին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը` Տարոն Մարգարյանը կարևորել է հատկապես իրանական քաղաքների հետ հաստատված համագործակցության ընդլայնումը, մասնավորապես ներդրումային դաշտի ակտիվացման, զբոսաշրջության զարգացման ու քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ուղղությամբ:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և իրանական քաղաքների միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում. <<Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու երկրների քաղաքների միջև հաստատված հարաբերությունները առավել գործնական փուլ տեղափոխելու հարցում: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա Երևանում, արդեն իսկ բավական են հասկանալու, որ ձեր մայրաքաղաքն ապրում է զարգացման ու գեղեցկացման նոր, մեծ շրջափուլ>>,- նշել է Մոհամմադ Ռեիսինը:

← Վերադառնալ ցուցակին