Լուրեր
2012 թվականի յոթ ամիսների արդյունքները բավականաչափ հուսադրող են
02.08.2012
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչև օրակարգի ներկայացումը վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է 2012 թ. առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները:
Ուշադրության կենտրոնում են սոցիալական խնդիրները
ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ նորաստեղծ կազմակերպությունը կիրականացնի նախարարությանը հանձնված սոցիալական բնակարանների պահպանման, շահագործման, սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց` սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բուժօգնության, իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունների մատուցումը։ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սոցիալական տան կազմակերպական և ծառայությունների մատուցման ծախսերի համար հատկացվել է 11.388.4 հազար դրամ։ «Պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք մեզ հետ աշխատել են և Հայ օգնության միությանը, որը մեր նախարարության հետ միասին հստակեցրել է ծնողազուրկ երեխաների ցուցակները, ում այսօր պետությունն ապահովում է բնակարաններով, և ըստ էության այս որոշումով մենք արմատական փոփոխություն ենք կատարում այդ բնագավառում, որովհետև այս ծրագիրն արդեն սկսում է տալ առաջին արդյունքները։ Մի կողմից` մենք ունենալու ենք պատասխանատու մարմին, ի դեմս նախարարության կողմից ստեղծված նոր ձեռնարկության, որն ամբողջությամբ կոորդինացնելու է այդ աշխատանքները և սոցիալական բնակարանային ֆոնդի շահագործման հետ կապված խնդիրները, մյուս կողմից էլ` արդեն այն բնակարանները, որոնք հանձնվել են նախարարությանը, արդեն հնարավոր կլինի տրամադրել երեխաներին, ովքեր երկար ժամանակ է` սպասում են այդ բնակարաններին։ Մենք այս տարի և մյուս տարի ևս մի քանի շենք ստանալու ենք Մարալիկում, և 2 տարվա ընթացքում այս խնդիրն զգալիորեն կհաղթահարվի», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շուրջ 80 շրջանավարտների օրենսդրությամբ նախատեսված բնակելի մակերեսով ապահովման հարցերը լուծելու նպատակով կառավարությունը մեկ այլ որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինությանն է հանձնել համապատասխան գույք, շինություններ և հատկացրել ֆինանսական անհրաժեշտ միջոցներ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության Ռազմավարությանը և Ռազմավարության իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրին։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բարելավել տարեցների կյանքի որակը, ՀՀ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերին, մասնավորապես` Ծերացման Մադրիդյան ռազմավարության տարածաշրջանային հանձնառությունների պահանջներին, իսկ գործողությունների ծրագրում ընդգրկված միջոցառումները հիմք կհանդիսանան տարեցների սոցիալական պաշտպանության ամենամյա ծրագրերի մշակման և իրականացման համար։
Ընթացիկ տարվա բնակլիմայական պայմաններից ելնելով անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել ջրային համակարգերի կապիտալ վերանորոգումների ծրագրում, հրատապ լուծում պահանջող աշխատանքների ցանկում ընդգրկելով նոր օբյեկտներ, ինչը ոռոգում-ջրառ իրականացնող ընկերություններին հնարավորություն կտա ապահովել արդյունավետ ջրամատակարարում։ Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը ջրառի նախատեսված 204.0 մլն խորանարդ մետր ջրաքանակի փոխարեն սահմանել է 239.2 մլն խորանարդ մետր։
Գործադիրը «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի սահմանազատման 2014-2016 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման հավելվածը շարադրել է նոր խմբագրությամբ, նպատակ ունենալով բարելավել բնության կենդանի և անկենդան հուշարձանների հարուստ բազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։
Սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողով կներկայացվի նաև ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացված «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել ՀՀ Ազգային Ժողովում թվով 9 նախագծերի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը, իսկ 5 նախագծերի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ կառավարությունը համարել է աննպատակահարմար։
Վարկային օժանդակություն ծրագրերի իրականացմանը
ՀՀ կառավարությունը որոշել է 1100.000.000 դրամ բյուջետային վարկ տրամադրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 10 տարի մարման ժամկետով, ինչն անհրաժեշտ է արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման, ենթակառուցվածքների ստեղծման համար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է շինարարական աշխատանքների ժամկետների հստակեցումը, քանի որ մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքով նախատեսվում է ներգրավել շոշափելի միջոցներ և ավարտին հասցնել միջուկային տեխնոլոգիաների վրա հիմնված բուժման ամբողջական ցիկլի ստեղծումը։
Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով ընթացիկ տարում ծախսերի իրականացման բավարար պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունը լրացուցիչ հատկացումներ է կատարել, մեկ ուրիշ որոշմամբ գույքի փոխանակության թույլտվություն է տվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին վարչական գործառույթներն իրականացնելու համար։
Հաստատվել է լիցենզավորման կարգ
Կառավարությունը հաստատել է`
- թորած ալկոհոլային խմիչքների շարքին դասվող լիկյորների և մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, ինչպես նաև պտուղներից և հատապտուղներից ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիան տրամադրելու հայտի և լիցենզիայի ձևերը,
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի տպագրության աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգի արդյունքները,
- գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործի ոչնչացման կարգը,
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել`
- «ՀՀ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» 2007թ. թիվ 690-Ն,
- Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և հավելումների փոխադրման ուղեկցող փաստաթղթերի և անվտանգության սերտիֆիկատների ձևերը հաստատելու մասին 2005թ. օգոստոսի 4-ի թիվ 1241-Ն,
- «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» 2003թ. նոյեմբերի 21-ի թիվ 1779-Ն որոշումների մեջ,
- Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգը լրացվել է նոր բովանդակությամբ։
Սահմանվել է երդում տալու ընթացակարգը
Լրացումներ կատարելով 2007 թ. նոյեմբերի 1-ի թիվ 1290 որոշման մեջ` կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդում տալու ընթացակարգը։
Երեխաների, այդ թվում` Սիրիայի ազգությամբ հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից «Լուսաբաց» և «Հասմիկ» ՍՊԸ-ներին հատկացրել է 9000.0 հազար դրամ։
Գործադիրը փոփոխություններ է կատարել իր 2001թ. օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասին» թիվ 759 որոշման մեջ, վերացնելով դեղատոմսային ձևաթղթում բժշկի կողմից փաստաթուղթը կնիքով վավերացնելու պարտականության, ինչպես նաև փաստաթղթերը կնիքով հաստատելու հայեցողական իրավունքի պահանջը, քանի որ, ինչպես ցույց է տվել փորձը, դա որևէ հավելյալ երաշխիք չի ստեղծում փաստաթղթերի կեղծման տեսանկյունից։
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2012թ. պետական բյուջեում, կառավարությունը «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հնարավորություն է տվել ծրագրային միջոցառումների իրականացման նպատակով օտարված հնի փոխարեն գնել նոր ավտոմեքենա։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նոր Զելանդիայի կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության և Նոր Զելանդիայի կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրալիայի Միության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին, ՀՀ կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Դավիթ Մելքոնյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ժամկետը երկարաձգել է մինչև 2013թ. հուլիսի 31-ը։
Այլ որոշումներ
Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի պահպանության լրացուցիչ ծառայություն իրականացնելու նպատակով կառավարությունը համապատասխան ֆինանսական միջոցներ է հատկացրել ՀՀ ոստիկանությանը։
Մեկ այլ որոշմամբ, նվիրատվության ձևով «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրին տրամադրելու նպատակով ՀՀ ԿԳՆ-ին հատկացվել է 10629.1 հազար դրամ, իսկ Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 31.220.0 հազար դրամ` Գորիս քաղաքային համայնքի կանոնավոր աղբահանության կազմակերպմանն անհրաժեշտ կազմտեխնիկա ձեռք բերելու նպատակով համայնքին սուբվենցիա տրամադրելու համար։
Երկու առանձին որոշումներով կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա է տվել «Հայկական Ատոմային Էլեկտրակայան» և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ներին, իսկ մեկ այլ որոշմամբ թույլատրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համեմատական նմուշներ` համաձայն հավելվածի։