Լուրեր

ՏՏ ոլորտի հայկական լուծումները լայն պահանջարկ ունեն

01.08.2012

 Հայաստանում նախագծվող և մշակվող տեխնոլոգիական և ինժեներական ծրագրերը մեծ պահանջարկ ունեն նաև արտերկրում: Ոլորտում մեծ ներդրում ունեցող ընկերություններից է «Բումերանգ սոֆթուեր»-ը:

Օգոստոսի մեկին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելել է ընկերություն: Նախարարը զրուցել է կենտրոնի աշխատակիցների հետ, ծանոթացել, թե մշակված ծրագրերը որ ոլորտներում և ինչ ձևով կարող են նշանակալի փոփոխություններ կատարել: «Ուրախալի և շատ կարևոր է, որ Հայաստանում մշակված նորարարական լուծումները կիրառություն են գտնում եւ Հայաստանում, եւ մեր երկրից դուրս: Իսկ ամենակարեւոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ Հայաստանում ՏՏ ոլորտում աշխատում են երիտասարդներ, ովքեր իրենց ապագան հենց Հայաստանում են տեսնում: Սա մեր տնտեսության և արդյունաբերության կարևորագույն և բավականին դինամիկ զարգացող ոլորտն է»,- նշեց նախարարը:

Տիգրան Դավթյանը կարևորոց նաև այն հանգամանքը, որ կենտրոնում նախագծվում և մշակվում են մեծ պահանջարկ ունեցող նոր ծրագրեր, մատուցվում արդի ծառայություններ: Ընկերությունը սպառողին է ներկայացնում Մոբայլ բանկինգ, Մոբայլ առևտուր ծրագրերը, որոնք թույլ են տալիս բջջային հեռախոսի միջոցով ստուգել բանկային հաշիվները, կառավարել դրանք և կատարել վճարումներ, ինչպես նաև ներբանկային և միջբանկային փոխանցումներ` պահպանելով անվտանգության նորմերը: Կենտրոնն առաջարկում է նաև MobiToWeb Global անվճար համակարգը, որի շնորհիվ հնարավոր է շատ արագ ներբեռնել և ընկերների հետ կիսվել նկարներով ու տեսահոլովակներով: Այս համակարգը վերջերս կիրառվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի լուսաբանման համար: Ընկերության մասնագետների խոսքով` եթե այս համակարգը կիրառվի Արտակարգ իրավիճակների նախարարությունում կամ ոստիկանությունում, ապա հնարավոր կլինի շատ արագ վերահսկողության տակ առնել ստեղծված իրավիճակը:

«Բումերանգ սոֆթուեր» ընկերությունը ստեղծվել է ամերիկահայ գործարարների օժանդակությամբ և Հայաստանում աշխատանքային փոքրիկ խմբի նախաձեռնությամբ 1997 թվականին: Հետագայում այն վերափոխվել է Հայաստանի գերազանցության տեխնոլոգիական կենտրոնի: Ներկայում այնտեղ աշխատում են շուրջ հարյուր մասնագետներ:

Հայաստանի գերազանցության տեխնոլոգիական կենտրոնի վերաճած «Բումերանգ սոֆթուեր» ընկերությունը ժամանակի ընթացքում իր կազմում ներառել է Atos, SAUR, Veolia Eau de Paris, Ariba, Jazz եւ միջազգային հայտնի այլ կազմակերպություններ, իսկ վերջերս համագործակցության հուշագիր է ստորագրել Գիտությունների ազսգային ակադեմիայի հետ հատուկ հետազոտությունների, ծրագրերի եւ տեխնոլոգիական գործակցություն ծավալելու շուրջ:

← Վերադառնալ ցուցակին