Լուրեր

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

31.07.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վեցերորդ նիստը:
Հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարության կողմից մշակված «Ներմուծվող սննդամթերքի վերահսկողության մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: Նշվել է, որ առաջին որոշման ընդունման նպատակն է նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների գործունեության վտանգները և արդյունավետ իրականացնել վերահսկողական գործառույթները սահմանային անցման կետերում, իսկ երկրորդ որոշման ընդունումը թույլ կտա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ ներդնել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունում: Ծավալվել է մտքերի փոխանակություն, նիստի մասնակիցները կարծիքներ են հայտնել թեմայի վերաբերյալ: Հաշվի առնելով արված դիտողությունները` խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված որոշումների նախագծերը:
Հաջորդ հարցով հավանություն է տրվել «Բնապահպանության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Քննարկման առարկա է դարձել «Ընդերքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է տեսչական բարեփոխումների խմբին քննարկել հիշյալ որոշման նախագծին վերաբերող որոշ մանրամասներ և լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդին:
Նիստում հավանության են արժանացել «Շուկայի վերահսկողության մասին» և «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու և այդ արտադրանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև շուկայի վերահսկողության իրավական և կազմակերպական հիմքերը՝ վտանգավոր և սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Հաջորդիվ զեկուցվել է Հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության ստուգաթերթերի նախագծի փորձարկման արդյունքների և արձանագրված խնդիրների մասին: Մասնավորապես, նշվել է, որ ստուգաթերթերի հարցերում ներառված պահանջները համահունչ չեն ժամանակակից հակահրդեհային պահանջներին, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա կրճատել դրանք: Խնդրի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարությանը ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել ստուգաթերթերի կրճատված տարբերակը:

 

← Վերադառնալ ցուցակին