Լուրեր

Նախագահը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՄԹ գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը

30.07.2012

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ի երեկոյան մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Մեր հայրենակիցների հետ հանդիպմանը Նախագահը կարևորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը և ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայության ապագայի: «Որքան ուժեղ, զարգացած, ժամանակակից լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ իրեն ավելի լավ և ուժեղ կզգա, այնքան Սփյուռքի ապագան կանխատեսելի կլինի»,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահի խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը մանրակերտն է մեր ազգի, նրա ապագայի՝ այն առումով, որ հիմնադրամին հաջողվել է համախմբել Սփյուռքի տարբեր կառույցների և անհատների՝ նպատակ ունենալով այդ կառույցի միջոցով յուրաքանչյուր հայի համար հնարավորություն ստեղծել ծառայելու իր Հայրենիքին՝ մասնակցություն ունենալով մեր ազգային միասնությանը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատանք են տանում համայնքային կամ համահայկական կառույցներում՝ ընդգծելով, որ նրանք արժանի են համընդհանուր հարգանքի:

Նախագահն ընդունելության մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը, զարգացման ծրագրերն ու հնարավորությունները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված արդյունավետ քայլերը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացմանը մեծապես կարող են նպաստել նաև Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները: Նրա խոսքով, բազմաթիվ սփյուռքահայեր կան, ովքեր տարիներ ի վեր ներդրումներ են կատարում Հայաստանում, զարգացնում տնտեսությունը, թողարկում մրցունակ արտադրանք, մասնակցում երկրի բարեփոխումներին, հաջողություններին և նաև խնդիրների լուծմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս Սփյուռքում կյանքն ավելի աշխույժ պահելու, ավելի միասնական լինելու, և անհրաժեշտ է դրանք լիարժեք օգտագործել:

 

← Վերադառնալ ցուցակին