Լուրեր
Առողջապահության նախարարը հանձնարարել է ներկայացնել Մեծամորի հիվանդանոցի զարգացման ծրագիր
25.07.2012
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հուլիսի 25-ին: Մեծամորի հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով նախարարը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ այցելել է Մեծամորի պոլիկլինիկայի նախկին, այժմ չգործող տարածք, այնուհետեւ Մեծամորի հիվանդանոցի մասնաշենք, որտեղ տեղակայված է ներկայիս պոլիկլինիկական ծառայությունը:
Նախարարը շրջել է հիվանդանոցի մասնաշենքերում եւ ազատ տարածքում, ծանոթացել ինֆեկցիոն, մանկական, վերակենդանացման, թերապևտիկ, վիրաբուժական բաժանմունքների գործունեությանը, աշխատանքային պայմաններին եւ խնդիրներին: Հաշվի առնելով առկա վիճակը` նախարարը հանձնարարել է ներկայացնել Մեծամորի հիվանդանոցի զարգացման ծրագիր:
Դումանյանը նաեւ հանձնարարել է Արմավիրի մարզպետարանի համապատասխան ծառայության հետ համատեղ կատարել ուսումնասիրություն եւ ներկայացնել հստակ առաջարկ Մեծամորի պոլիկլինիկական ծառայության տեղակայման վերաբերյալ:
Մեծամորի պոլիկլինիկային կհատկացվի էլեկտրասրտագրման սարք: