Լուրեր
Հովիկ Աբրահամյանի եւ Սերգեյ Նարիշկինի ճեպազրույցը Ազգային ժողովում
24.07.2012
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հուլիսի 24-ին Ազգային ժողովում հանդես եկան համատեղ ճեպազրույցով:
Ամփոփելով այցի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են տնտեսության, գիտության, կրթության, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխգործակցությանը, առանձնահատուկ կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը եւ զարգացումը: «Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները՝ մենք ընդգծեցինք նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտվեց փոխադարձ կարեւորություն ներկայացնող հարցերում միասնական դիրքորոշման անհրաժեշտությունը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում»,- ասաց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:
Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում արդյունավետ համագործակցությունից` նա նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերին Երեւանում կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովների նախագահների առաջին խորհրդակցությունը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հաշվի առնելով երկու խորհրդարանների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը եւ փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը՝ հայկական կողմն առաջարկել է քննարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում երկու խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտի ձեւավորման հնարավորությունը:
Ինչպես նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում միջպետական կապերի խորացման համատեքստում կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության եւ ռուսական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ Ռուսաստանի համար շատ կարեւոր ու թանկ են Հայաստանի հետ հարաբերությունները: «Դրանք դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Մեզ համար կարեւոր է հարաբերությունների զարգացումը տառացիորեն բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար, այլ»,- նշեց ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահը: Նրա խոսքով` երկու երկրներն էլ մեծ ուշադրություն են դարձնում երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը հատկապես տնտեսության ոլորտում, եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը աճի մեծ տեմպեր է արձանագրում: Մասնավորապես, ինչպես նկատեց պարոն Նարիշկինը, վերականգնվել են ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների միջեւ` հասնելով այն մակարդակին, որը կար մինչեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, Հայաստանում ռուսական կազմակերպությունների տարեկան ներդրումը կազմում է շուրջ 3 միլիարդ դոլար: Տնտեսական ոլորտում համագործակցությանն անդրադառնալով՝ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը խոսեց նաեւ ԱՊՀ շրջանակներում Ազատ առեւտրի գոտու մասին պայամանագրին Հայաստանի միանալու հարցի մասին` հույս հայտնելով, որ դա կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացմանը:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Հայաստանում ռուսաց լեզվի զարգացմանը նպաստելու, դպրոցներում եւ բուհերում դասավանդման բարձր մակարդակի, ռուսալեզու լրատվամիջոցների ակտիվ գործունեության համար: Նշելով, որ երկու երկրների խորհրդարանները մեծ հաջողությամբ համագործակցում են միջազգային հարթակներում, Սերգեյ Նարիշկինը նկատեց, որ նրանց դիրքորոշումները կամ գրեթե համընկնում են, կամ պարզապես նույնական են առանցքային հարցերում:
Կողմերը բարձր գնահատեցին միջխորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների հետագա զարգացման եւ համագործակցության խորացման գործում: