Լուրեր
Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր
24.07.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: «Նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հայ-ռուսական համագործակցության կարևորագույն հարցերն ու սկզբունքները, մեր համատեղ ապագայի տեսլականը և հարցերի այն շրջանակը, որոնք կուրվագծեն երկկողմ հետագա գործունեության օրակարգը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու գործում վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված աշխատանքները: Այդ համատեքստում, գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններն աշխատում են երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական համագործակցության նոր երկարաժամկետ ծրագրի նախագծի շուրջ, որում կներառվեն համագործակցության բոլոր ոլորտները, մինչ 2020 թվականը նախատեսվող համատեղ ծրագրերն ու նպատակները:
Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին ընդունելության համար՝ Սերգեյ Նարիշկինը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը, որի կարևորագույն բաղկացուցիչը երկկողմ առևտրատնտեսական կապերն են: «Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Երկու երկրների խորհրդարանականները պատրաստ են անել ամեն ինչ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի ընդլայնման ու հետագա զարգացման համար»,- նշել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը:
Սերգեյ Նարիշկինը ողջունել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համագործակցության նոր ծրագրի մշակման նախաձեռնությունը և իր աջակցությունը հայտնել աշխատանքների իրականացման գործում:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտերգրացիոն գործընթացիներին, երկու երկրների մարզերի միջև համագործակցության խորացման, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավման հարցերին: