Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

23.07.2012

Խորապես վշտացած եմ հայ թատրոնի եւ կինոյի անզուգական դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան կապակցությամբ:

Կյանքից հեռացավ մեր արվեստի ու մշակույթի ականավոր դեմքերից մեկը, ով, օժտված լիելով յուրատեսակ վառ տաղանդով, իր մնայուն հետքը թողեց հայկական կինոյի ու թատրոնի հարուստ պատմության մեջ` որպես Հայաստանում ու նրա սահմաններից դուրս իսկապես սիրված, իսկապես ժողովրդական արտիստուհի:

Գալյա Նովենցը թե' թատրոնում, թե' կինոյում ստեղծում էր բնական միջավայր, կենդանի մթնոլորտ ու հարուստ աշխարհ, որոնցում միանգամից ներգրավում էր հանդիսատեսին` նրան դարձնելով այդ ամենի անմիջական մասնակիցը: Գալյա Նովենցի կերտած դերերը սրտամոտ են տարբեր սերունդների, ում սրտում նա մշտապես կմնա` որպես իր մարմնավորած կերպարների միջոցով իր հոգու մի մասնիկը հանդիսատեսին ի պահ տված արվեստագետ:

Ցավակցում եմ Գալյա Նովենցի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը:

← Վերադառնալ ցուցակին