Լուրեր

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակացական գիր է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

23.07.2012

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակացական գիր է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ:  Ցավակցագրում նշվում է. «Խորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, մեծանուն դերասանուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան մասին:

Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր խորին ցավակցությունը հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և բոլոր վշտացյալներին:

Լուսահոգի Գալյա Նովենցը հայ թատերարվեստի և կինոարվեստի մեծագույն երախտավորներից էր, ում տաղանդը միշտ փայլել է վառ և տպավորիչ կատարումներով: Նրա դերասանական բարձր վարպետությամբ հիացել են հայեր և օտարներ, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում: Շնորհաշատ դերասանուհին վաստակել է ջերմ սերն ու հարգանքը արվեստասեր հասարակության: Բարեհիշատակ Գալյա Նովենցի ստեղծած ինքնատիպ կերպարները մարմնավորում են հատկապես հայ կնոջը` իր տառապանքներով և հոգու պոռթկումներով, ներաշխարհի հույզերով և բարու ու երջանկության ազնիվ ձգտումով:

Հոգելույս Գալյա Նովենցը աստվածաշնորհ կյանքն ապրեց ստեղծագործական բեղուն աշխատանքի մեջ` միշտ արտահայտելով իր խորին սերն ու նվիրումը հանդեպ Հայրենիքը և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Քաղցրությամբ ենք հիշում, որ հայ մշակույթի ասպարեզում մեծ ներդրումի և վաստակի համար հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում` Վեհարանի հարկի ներքո, սիրելի դերասանուհուն շնորհել ենք մեր Սուրբ Եկեղեցու պատվո բարձր պարգևը` «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանը:

Ի խորոց սրտի աղոթում ենք առ Բարին Աստված, որ երկնքի լուսեղեն օթևաններում խաղաղության և հանգստության մեջ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Գալյա Նովենցի և Իր անսպառ ողորմությամբ արժանացնի հավիտենական կյանքի երանությանն ու բերկրանքին: Այլև հայցում ենք, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարությամբ սփոփի վշտակիր սրտերը ննջեցյալի հարազատների և բոլոր սգացյալների:

«Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց

Աստուածութեան Իւրոյ. Ամէն»:

← Վերադառնալ ցուցակին