Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> բանկի ղեկավարության հետ

21.07.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> բանկի գործող գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը:
Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:<<Մասնավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության օրինակներ մենք արդեն ունենք և ողջունում ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք շահագրգիռ և հետաքրքրված են համատեղ ծրագրերի իրականացման հարցում: Մեր լիազորությունների շրջանակում մենք միշտ աջակցում ենք մեր գործընկերներին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է ու պատրաստակամ է կյանքի կոչել մայրաքաղաքն առավել հարմարավետ և բարետես դարձնելու ցանկացած լավ առաջարկ>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Ասթրիդ Քլիֆֆորդը նշել է, որ բանկը շահագրգռված է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հարցում ու, հատկապես, շրջակա միջավայրի պահպանության և կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերի շրջանակում:
Հատկանշելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր լայնածավալ աշխատանքներ են տարվում այգիների, պուրակների և բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաև կանաչ տարածքների ընդլայնման ու դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը բազմակողմանի կքննարկի բոլոր առաջարկներն ու կներկայացնի հնարավոր համագործակցության ամբողջական փաթեթ:

 

← Վերադառնալ ցուցակին