Լուրեր

Աջակցություն են ստանում ներդրումային և տնտեսական զարգացման հերթական ծրագրերը

19.07.2012

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը որոշել է «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2012 թ. օգոստոսի 10-ից մինչև 2013 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. օգոստոսի 10-ը։ Ծրագրի համաձայն նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում, որով ձեռք կբերվեն արտասահմանյան առաջադեմ սարքավորումներ, կընդլայնվի տեսականին` կառուցելով շամպայնի արտադրության տեղամաս։ Արտադրական հզորությունների ավելացման արդյունքում սպասվում է արտադրության ծավալների ավելի քան 30 տոկոս աճ, նոր աշխատատեղերի ստեղծում, միջին աշխատավարձը կկազմի 135 հազար դրամ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է գինեգործների ասոցիացիայում նշված նախագծի քննարկումը, որովհետև վերջին շրջանում իրականացվում են արտահանմանը միտված գինեգործական խոշոր նախագծեր, ուստի անհրաժեշտ են միասնական ջանքեր հայկական գինու բրենդ ձևավորելու և արտաքին շուկաներում ամրապնդվելու համար։
Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել 2012 թ. ապրիլի 26-ի «Ոռոգման նպատակով 2012 թ. Սևանա լճից ջրառի մասին» թիվ 518-Ա որոշման մեջ, ջրառի նախատեսված 169.0 մլն խորանարդ մետր ջրաքանակի փոխարեն սահմանելով մինչև 204.0 մլն խորանարդ մետր։ Որոշման նախագծի վերաբերյալ հասարակության իրազեկումը կատարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ինտերնետային կայքի միջոցով։ 35.0 մլն խորանարդ մետրով ջրառի չափաքանակի ավելացումը հիմնականում պայմանավորված է Հրազդան գետով նախատեսված բնական ելքերի նվազմամբ և ջրօգտագործողների կողմից ջրապահանջարկի ավելացմամբ։
Կառավարությունը որոշել է հավանություն տալ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ ԱԺ պատգամավորներ Վահագն Մախսուդյանի և Խաչիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել Սևանա լճի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը` հաշվի առնելով բնական ջրահոսքերում ջրային էկոհամակարգի, մասնավորապես, ձկնաշխարհի վրա բացասական ազդեցությունը։
Կառավարությունը հաստատել է կապի և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը` ռեգիստրի վարումն իրականացնող լիազոր մարմին համարելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ Որոշման ընդունումը հիմք կհանդիսանա պետական մարմինների կողմից հստակ ժամկետներում տեղեկատվության տրամադրման, տրամադրված տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և վարչական ռեգիստրի ձևավորման ու վարման, ինչպես նաև միջազգային կառույցներին տեղեկատվություն տրամադրելու համար։
ՀՀ կառավարության հերթական աջակցությունն ստացան գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի շահառուները, մասնավորապես, ՀՀ Արագածոտնի և Տավուշի մարզերի 12 համայնքներ, որոնք ի վիճակի չեն սեփական միջոցների հաշվին ապահովելու գազաֆիկացման ծրագրերի համաֆինանսավորումը։ Գործադիրը համաֆինանսավորման պարտավորությունների կատարման համար որոշել է հատկացնել 249 մլն 300 հազար դրամ` «ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով։


Կբարելավվի ընտանեկան բժշկության համակարգի արդյունավետությունը

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ քաղաքային պոլիկլինիկական ոլորտի զարգացման հայեցակարգին և նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցին։ Առողջության առաջնային պահպանման ոլորտի բարեփոխումների մեկնարկից 10 տարի անց արձանագրվել է, որ ընտանեկան բժշկությունը, ի տարբերություն գյուղական վայրերի, որտեղ նկատելի առաջընթաց կա, մեծ քաղաքներում դեռևս չի կայացել։ Ընդունվող որոշման նպատակն է խթանել ընտանեկան բժշկության ներդրումը քաղաքային պոլիկլինիկաներում, բարելավել ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության որակն ու բարձրացնել արդյունավետությունը, մշակել պոլիկլինիկական ծառայությունների կառուցվածքի առավել արդյունավետ մոդելներ և ընտանեկան բժշկության ներդրման մեխանիզմներ։
Երկու այլ որոշումներով գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության համակարգի հզորացում» և «Իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվները։
Լրացումներ և փոփոխություն կատարելով 2007 թ. ապրիլի 12-ի` պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման և օգտագործման ժամկետները կանոնակարգող որոշման մեջ` գործադիրը պետական հավաստագրի տրամադրման միջոցով լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավորություն է ստեղծում ընտրելու և ձեռք բերելու իրենց լսողությանը համապատասխան եվրոպական արտադրության լսողական սարքեր։ Արդյունքում, խորը ծանր լսողություն ունեցող անձինք, ովքեր կարիք ունեն գերհզոր և թանկարժեք սարքերի, դրանց ձեռքբերման համար կստանան պետական աջակցություն հավաստագրի արժեքի չափով։
Համապատասխան փոփոխություններ և լրացում կատարելով 2000 թ. նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշման մեջ` կառավարությունը «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին է համապատասխանեցրել զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում շարքային կազմին տրվող դրամական օգնության և մարտական գործողությունների ժամանակ զոհվելու դեպքերից պարտադիր ապահովագրության գումարների չափերը։
ՀՀ 2012 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության միջոցով «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ներին համապատասխանաբար հատկացրել է 149910.0 հազար և 21600.0 հազար դրամ առաջինի շենքի վերանորոգման, երկրորդի նորաստեղծ բաժինների ծախսերը փոխհատուցելու նպատակով, իսկ 2012 թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 8000.0 հազար դրամ` ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ՊՈԱԿ-ին տրամադրելու համար, ինչը հնարավորություն կտա միջազգային օլիմպիադաներին երեխաների մասնակցության համար անհրաժեշտ պայմաններ ապահովել։


Սահմանվել է քաղաքացիական պաշտպանության քողարկման կարգը

ՀՀ կառավարությունը`
- «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն սահմանել է քաղաքացիական պաշտպանության քողարկման կարգը,
- հաստատել է բյուջետային գործընթացի շրջանակում շահութաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման կարգը, 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով վճարման ենթակա տարեկան գումարների կանխատեսումները բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմին և լիազորված մարմնի համակարգի առևտրային կազմակերպությունների կողմից ամփոփ արդյունքները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու օրինակելի ձևաչափերը,
- սահմանել է մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի և ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրի պաշարների շահագործման ամենօրյա շարժի գրանցամատյանների ձևերը,
- ստեղծել է «Հավաստագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
- թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ՀՀ 2012 թ. պետական բյուջեով նախատեսված «Ակցիզային դրոշմանիշների ձեռքբերում» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումներից 17.554 հազար դրամն օգտագործել էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակների ձեռքբերման համար,
- համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։


Վտանգի աղբյուրների վերլուծության համակարգը կխթանի արտահանումը

Եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակում Եվրամիության անդամ երկրներ ձկնաբուծական մթերքներ արտահանելու և սահմանված պահանջներն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել «Ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման` ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» իր 2011 թ. մայիսի 5-ի թիվ 608-Ն որոշման հավելվածում, ինչի արդյունքում արտահանման մեծ ներուժ ունեցող հայկական ձկնաբուծական մթերք արտադրող ընկերությունները հնարավորություն կունենան ներդնելու ՎԱՎԿԿՀ համակարգը, որը կերաշխավորի թողարկվող արտադրանքի անվտանգությունը` նպաստելով արտահանման խթանմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը։
«Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ մասնավոր կառավարչի լիազորությունների պայմանագրային ժամկետը երկարաձգելու նպատակով կառավարությունը որոշել է լիազորել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` երկարաձգել գերմանական ընկերությունների կոնսորցիումի հետ 2009 թ. հուլիսի 14-ին կնքված պայմանագիրը։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը թույլատրել է «Սևան-Հրազդան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների սեփականության իրավունքով իրենց պատկանող ոռոգման համակարգերով վճարել այդ ընկերությունների կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց` գույքն ամրացնելով «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
Մեկ այլ որոշումով կառավարությունը որոշել է «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 3384.650 դրամ արժեքով գույքը հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպություններին։


Այլ որոշումներ

Լրացում կատարելով «ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման համար պատասխանատու պետական մարմինների և ներկայացնելու ժամկետների» մասին որոշման ցանկում` կառավարությունն այնտեղ ներառել է երկու զեկույցները ներկայացնելու պատասխանատու մարմինը և ժամկետները, «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ներառել է ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմերի ներկայացուցիչներին, ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին 2011 թ. դեկտեմբերի 22-ի որոշման հավելվածի 11-րդ կետը, այդպիսով աննպատակահարմար գտնելով պետական ծառայությունների օմբուդսմենի ստեղծման համակարգի ներկայացումը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը վերացրել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից անցկացվող հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության նպատակով մրցույթի հայտը ներկայացնելուց անձի կողմից ծրարի կնքված լինելու պահանջը։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համապատասխան կառավարությունը «ԱԲԲԱ» ՍՊԸ-ին տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով։
Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարևորությունը` կառավարությունը ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչել քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողի նկատմամբ։
Կառավարության նիստում ընդունվել են Երևան քաղաքի Վ. Սարգսյան 3 և Զաքիյան 2/1 հասցեներում գտնվող շենքերի քանդման աշխատանքների արդյունքում ձևավորված 0,5081 հա հողատարածքն օտարելու, «Պետական գույքն օտարելու մասին» 2012 թ. հունվարի 19-ի թիվ 28-Ա որոշումը չեղյալ ճանաչելու, 2011 թ. նոյեմբերի 3-ի «Գույք հանձնելու մասին» թիվ 1573-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումներ։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հանձնարարել է տեղեկատվություն տրամադրել կառավարության անդամներին, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել անձնագրերի մատակարարման խնդիրը կարգավորելու ուղղությամբ։
Փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ այս տարի նախորդ բոլոր տարիների համեմատ աննախադեպ է եղել անձնագիր ստանալու համար դիմողների քանակը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում եղել է շուրջ 171 հազար անձնագրի փոխանակման դիմում, ապա այս տարի թվաքանակն ավելացել է շուրջ 30 հազարով։ Այդ հանգամանքով պայմանավորված անցկացվել են անհրաժեշտ միջոցառումներ, մասնավորապես, ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից դուրս, կազմակերպվել են աշխատանքային հերթափոխեր։ Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ խնդիրը լուծված է, անձնագրերի լրացուցիչ խմբաքանակն արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում է։ Արթուր Օսիկյանը միաժամանակ նշել է, որ դեռևս փոքր է կենսաչափական տվյալներով անձնագրերի համար դիմողների թվաքանակը։ Առաջին 1.5 ամսվա ցուցանիշը ցույց է տվել, որ առայժմ ընդամենը 800 անձ է դիմել կենսաչափական տվյալներով անձնագիր ստանալու համար։

← Վերադառնալ ցուցակին