Լուրեր

Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի փոխնախագահ Սյաոյու Ժաոյին

18.07.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Սյաոյու Ժաոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ գործունեությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ասիական տարածաշրջանում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱԶԲ փոխնախագահ Սյաոյու Ժաոյի այցը կխթանի Հայաստանի հետ բանկի արգասաբեր համագործակցության հետագա զարգացումը՝ ուղղված մեր երկրի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:

Սյաոյու Ժաոն վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ բանկը նույնպիսի ջանադրությամբ կշարունակի աշխատանքները Հայաստանում և հավատարիմ կլինի իր հանձնառությանը: Նա նշել է, որ այժմ Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում միջազգային հանրության կողմից ֆինանսավորվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ուղղությամբ: Զրուցակիցների բնորոշմամբ, Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող այդ ծրագրի իրագործումն զգալիորեն կխթանի նաև այլ ոլորտների զարգացումը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է բանկի օժանդակությամբ մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացումը հեռանկարային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և ՀՀ կառավարության կողմից երկրի տնտեսական առաջնահերթություններ համարվող այլ ոլորտներում, որոնք տեղ կգտնեն ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի կողմից հաստատվելիք համագործակցության ռազմավարական ծրագրում:

← Վերադառնալ ցուցակին