Լուրեր

Պարգևատրվել են կիսամյակային լավագույն արդյունքներ ցուցաբերած վարչական շրջանները

17.07.2012

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հունիս ամսվա, ինչպես նաև 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Ըստ այդմ՝ համեմատաբար ցածր ցուցանիշներ են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով։Գնահատման և վերլուծության արդյունքում հունիս ամսին այս ուղղությամբ համեմատաբար լավագույն արդյունքներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Նոր Նորք վարչական շրջանները։ Նոր Նորքն, ընդ որում, նախորդ ամսվա համեմատ ցուցանիշները բարելավել է միանգամից 7 նիշով։ Համեմատաբար ցածր են Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների արդյունքները։ Աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում։Քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ աղբահանության վարձավճարների գանձման նոր մեխանիզմի կիրառման պիլոտային ծրագիրը հաջողությամբ իրականացվում է Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում։ Անդրադառնալով աղբահանության մասով առկա թերացումներին՝ քաղաքապետն անթույլատրելի է համարել դրանք ու խստորեն հանձնարարել ամենասեղմ ժամկետում շտկել իրավիճակը։ Տարոն Մարգարյանը հստակ հանձնարարականներ է տվել նաև մյուս ոլորտներում ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։Անդրադառնալով 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ, ինչպես և տարեսկզբին խոստացել էր, լավագույն արդյունք ցուցաբերած վարչական շրջանները կպարգևատրվեն։ Ըստ այդմ, կիսամյակային արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Դավթաշեն վարչական շրջանը Երևանի քաղաքապետի որոշմամբ պարգևատրվել է 3, երկրորդ տեղն զբաղեցրած Ավան վարչական շրջանը՝ 2 և երրորդ տեղն զբաղեցրած Էրեբունի վարչական շրջանը` 1 մլն դրամով։ 

← Վերադառնալ ցուցակին