Լուրեր
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Կանադայի համայնքների պալատի ներկայացուցիչներին
17.07.2012
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Կանադայի համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսին եւ Ալեքսանդր Բուլրիսին:
Ողջունելով կանադացի պատգամավորների այցը Հայաստանի խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Կանադան բարեկամ երկիր է, եւ չնայած Հայաստանից բաժանված է օվկիանոսով, բայց տարածությունը լավ հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ չի կարող: Ի դեմս Համայնքների պալատի ներկայացուցիչների, նա երախտագիտություն հայտնեց Կանադային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, տարիների հայանպաստ գործունեության համար: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը կարեւորեց նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղ մեկնող կանադացի պատգամավորների այցն Արցախի ժողովրդի համար, ինչը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Կանադան է, հետաքրքրված է ԼՂ-ում ժողովրդավարության ընդլայնմամբ:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ջերմության համար` կանադացի հյուրերը շեշտեցին, որ չնայած իրենց այցին շատերը, մասնավորապես` ադրբեջանցիներ, դեմ են եղել, բայց իրենք մեծ ցանկություն ունեն ականատես լինելու ժողովրդավարության կայացմանը Լեռնային Ղարաբաղում: Նրանց խոսքով` Կանադան մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում բոլոր այն երկրներում, որտեղ ժողովրդավարությունը կայացման ճանապարհ է անցնում: Ինչպես նկատեցին կանադացի խորհրդարանականները, Կանադայում ապրող շուրջ հարյուր հազար հայերը շատ ակտիվ են. հայկական համայնքը երկրորդ-երրորդ տեղում է իր ազդեցիկությամբ, «հայկական կրակը միշտ վառ է»:
Կանադայի համայնքների պալատի անդամները խոսեցին Հայաստանում դեսպանատուն ունենալու անհրաժեշտությունից, ինչին ի պատասխան` պարոն Շարմազանովը նշեց, որ հայկական կողմը միայն շահագրգռված է էլ ավելի բարձր մակարդակով հարաբերություններով: Կարծիք հայտնվեց, որ պետք է ավելի ակտիվացնել պատգամավորական փոխայցելությունները, ինչն էլ իր հերթին կխթանի լավ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հարավային Կովկասում Հայաստանն առաջինն է եղել, որ Օտտավայում բացել է դեսպանատուն, ինչը եւս վկայում է Հայաստանի համար հայ-կանադական հարաբերությունների կարեւորության մասին:
Կանադացի խորհրդարանականները հույս հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով, եւ ներկայացրեցին իրենց գաղափարը` Կանադա վերադառնալուն պես նախաձեռնելու «Լեռնային Ղարաբաղի ընկերներ» կոչվող խումբ, ինչը մեծ ոգեւորությամբ ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի կողմից: Վերջինս նշեց, որ փայլուն գաղափար է՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ու ամբողջ հայությունը կողջունեն այն, քանի որ դա առարկայական օրինակ է, թե ինչպես կարելի է աջակցել երիտասարդ ժողովրդավարական երկրին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: