Լուրեր

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին

17.07.2012

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 17-ին հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Հայ-չինական հարաբերությունները, դեսպանի գնահատմամբ, անկախացումից ի վեր եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակի շեմին հասել են բարձր մակարդակի, եւ դրան նպաստել են երկու պետությունների ղեկավարների ակտիվ շփումներն ու նրանց նախանշած համագործակցության ճիշտ ուղղություններն ու ոլորտները:

Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով Չինաստանի պետական հաստատությունների կողմից ՀՀ-ին ցուցաբերվող տարաբնույթ աջակցության համար, կարեւորեց Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը` ընդգծելով քաղաքական, տնտեսական, գիտակրթական, միջտարածաշրջանային եւ այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, սակայն, շփումերը հատկապես միջխորհրդարանական մակարդակում այնքան էլ ակտիվ չեն, համագործակցության ներուժն օգտագործված չէ ամբողջությամբ: Կողմերը միջպետական կապերն էլ ավելի ամրապնդելու համար միջխորհրդարանական փոխգործակցությունը լավ ձեւափաչափ համարեցին` խորհրդարանների միջեւ հարաբերությունները ակտիվացնելու պատրաստակամություն հայտնելով: Հատկապես կարեւորվեց Հայաստան-Չինաստան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեության ակտիվացումը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ միջկուսակցական գործակցությանն ու դրա ընձեռած հնարավորություններին: Դեսպանի խոսքով` խորհրդարանական վերջին ընտրությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վստահություն է վայելում եւ երկիրը կառավարելու ճիշտ ուղիներ է ընտրել: Չինաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն մարտին, մինչ այդ Կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարում կհստակեցվեն, թե ովքեր կլինեն պետության ու կուսակցության ղեկավարները:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում փոխադարձ աջակցության ու միջազգային կառույցներում համագործակցության մասին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` ՉԺՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին` խնդիրը միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով հանգուցալուծելու դիրքորոշման, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանելու ջանքերի համար: Նրա խոսքով` առանց կայունության հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը, հասնել վերջնական խաղաղության ու նոր ծրագրեր իրականացնել:

Արտակ Զաքարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպանին ԼՂ հարցում Չինաստանի որդեգրած հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշման համար, որը պարբերաբար արտահայտվում է մասնավորապես ՄԱԿ-ում:

Զրուցակիցները խոսեցին նաեւ կրթամշակութային, ուսանողների փոխանակման եւ լեզվի ուսուցման ծրագրերի մասին` նորերի մեկնարկին աջակցելու պատրաստակամությամբ:

← Վերադառնալ ցուցակին