Լուրեր
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
13.07.2012
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ:
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը երկկողմ ձևա-չափով, եվրոպական կառույցների շրջանակներում և միջազգային ասպարեզում, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաստատված տնտեսական սերտ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվեն և նոր լիցք կստանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության խորացման:
Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում այն կարևոր առաքելության համար, որ իրականացնում է Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատման:
Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, որոնց ևս մեկ արտահայտությունն էր Ձեր, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների Նախագահների կողմից հունիսի 19-ին Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությունը:
Մեծարգո պարոն Նախագահ,
Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցմանը և համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերին:
Կրկին շնորհավորում և մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»: