Լուրեր

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

12.07.2012

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Հանդիպման ժամանակ կողմերն արձանագրեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու միջպետական հարաբերությունները տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների ունեցած մեծ ներուժն ու հնարավորությունները:

Չինաստանի դեսպանի գնահատմամբ` հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացումն ու արդյունավետ աշխատանքը լավ օրինակ կարող են դառնալ հետագայում էլ ավելի զարգացնելու համատեղ ձեռնարկատիրությունը, իսկ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ ստեղծված ամուր կապերը միջտարածքային զարգացման հիանալի հեռանկարներ կարող են բացել:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը` դեսպանը բարձր գնահատեց խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդիրը կարգավորելու Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունը, ինչը, նրա գնահատմամբ, միակ արդյունավետ եւ իր երկրի ու միջազգային հանրության համար ընդունելի տարբերակն է:

Պարոն Շարմազանովը նույնպես կարեւորեց երկու երկրների տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությամբ եւ բարձր գնահատեց Չինաստանի իշխանությունների հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա երկու բարեկամ երկրների արդյունավետ համագործակցությունն ու տնտեսական զարգացման հեռանկարները պայմանավորեց նաեւ իշխանությունների որդեգրած հստակ, իրատեսական դիրքորոշմամբ ու դրանք իրագործելու հետեւողականությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

← Վերադառնալ ցուցակին