Լուրեր

ՀՀ Նախագահին է փոխանցվել Իրան այցելելու Ահմադինեժադի հրավերը

10.07.2012

 Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամեդ Նաջարը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Չմիավորման շարժման կազմակերպության գագաթնաժողովին մասնակցության հրավերը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունից: Հուլիսի 9-ին Երեւանում նախագահական նստավայրում կայացած հանդիպմանը նշվել է, որ օգոստոսի վերջին նախատեսվում է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Իրանի մայրաքաղաք Թեհրան` մասնակցելու գագաթնաժողովին:

Թեհրանում նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Հուլիսի 9-ին կայացած ՀՀ Նախագահի և Իրանի ՆԳ նախարարի հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների անվտանգության բաղադրիչին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին