Լուրեր

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչևին

04.07.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին:

Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և վստահություն հայտնել, որ նրա հայաստանյան այցը հագեցած կլինի արդյունավետ հանդիպումներով, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթ կրող դաշնակցային հարաբերությունների խորացմամբ և այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է իրականացնում: Նա նշել է, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը հանգամանորեն քննարկվել են բարձր մակարդակի փոխայցելությունների, այդ թվում՝ անցյալ տարվա աշնանը ՌԴ իր պետական այցի ժամանակ:

Հանրապետության ղեկավարի խոսքով, երկու ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունները, որոնք այսօր երկկողմ ձևաչափից բացի, հաջողությամբ զարգանում են միջազգային կազմակերպությունների, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, անհրաժեշտ է ամրապնդել փոխշահավետ ու հեռանկարային ոլորտներում նոր նախաձեռնություններով, համատեղ ջանքերով աշխատել հարստացնել ձեռքբերումներն ու փոխանցել սերունդներին:

Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը: ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևի համոզմամբ, երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծ դեր ունեն ոչ միայն քաղաքականությունն ու տնտեսությունը, այլ նաև մշակութային, կրթական և հումանիտար ոլորտի հետ կապված բոլոր հարցերում սերտ գործակցությունը: Նա նշել է, որ ի պաշտոնե զբաղվում է հենց այդ ոլորտով և պատրաստ է հետևողական աշխատանքով առավելագույն ջանքեր ներդնել՝ նպաստելու համար հայ-ռուսական հարաբերությունների առավել խորացմանը:

Կ. Կոսաչևն ընդգծել է, որ Ռուսաստանում Հայաստանն ու նրա ժողովրդին ընկալում են որպես բարեկամ, և փոխադարձ հարգանքի ու այդ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը վկայում են այն մասին, որ դրանք անընդհատ ռեժիմով զարգանալու մեծ ներուժ ու հեռանկար ունեն:

Կոնստանտին Կոսաչևի հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ինչպես ՀՀ պաշտոնատար անձանց, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ: «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարն արդեն հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ: Նախատեսված են նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, կրթության և գիտության, էկոնոմիկայի, մշակույթի նախարարների հետ հանդիպումներ:

← Վերադառնալ ցուցակին