Լուրեր
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը` Ազգային ժողովում
04.07.2012
Տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը հուլիսի 4-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, այնուհետեւ նիստերի դահլիճում ԱԺ պատգամավորների առջեւ ելույթներ ունեցան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը:
Ստորեւ ներկայացնում ենք Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը.
«Եվրոպական խորհրդի մեծարգո նախագահ պարոն Վան Ռոմպոյ,
Հարգելի գործընկերներ,
Պատիվ ունեմ ողջունել Ձեզ` մեծարգո նախագահ, եւ Ձեր ղեկավարած Եվրոպական խորհրդի պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:
Նախեւառաջ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ` պարոն նախագահ, Հայաստան այցելելու որոշման, ինչպես նաեւ Ազգային ժողովում ելույթով հանդես գալու նախաձեռնության համար: Մեզ համար մեծ պատիվ է, որ Արեւելյան գործընկերության անդամ-երկրներից Դուք առաջինը այցելում եք հենց Հայաստանի Հանրապետություն: Այս հանգամանքը վկայում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Եվրամիության կողմից ճանաչելու եւ խրախուսելու մասին:
Եվրոպական ուղղությունը, Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս առումով գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության երկկողմ շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է:
Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, Եվրամիության հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու ուղղությամբ, եւ այսօր մենք արձանագրել ենք տեսանելի հաջողություններ: Հայաստանը եվրոպական արժեքներով, սկզբունքներով ու չափանիշներով զարգացնելու ձգտումը վայելում է նաեւ համընդհանուր կոնսենսուս մեր հասարակությունում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը առանցքային դերակատարություն է ունեցել այդ գործընթացում, եւ մեր խորհրդարանի կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները դրա վառ ապացույցն են: Մասնավորապես կցանկանայի նշել Ազգային ժողովի ընդունած նոր «Ընտրական օրենսգիրքը», որն արժանացավ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը, ինչպես նաեւ «Հավաքների ազատության մասին» օրենքը: Ըստ միջազգային կառույցների գնահատականների` այս երկու օրենքները կարեւորագույն ներդրում են ունեցել մեր երիտասարդ հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններ անցկացնելու գործում: Մեզ հաջողվեց իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, որոնց արդյունքում ձեւավորվեց Հայաստանի քաղաքական դաշտը առավելագույնս ներկայացնող խորհրդարան: Վստահ եմ, որ այս հանգամանքը կնպաստի պառլամենտարիզմի նոր մշակույթ ձեւավորելուն եւ Ազգային ժողովը բազմակարծության իրական ամբիոն դարձնելուն:
Հայաստանի օրենսդիր մարմինը կարեւոր դեր խաղաց նաեւ Եվրամիության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ բանակցություններ սկսելու հարցում:
Հայաստանի Հանրապետությունը առաջինն էր, որ հավանության արժանացրեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ստեղծման գաղափարը, որն ի սկզբանե Հայաստանի կողմից դիտվել է որպես ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, այլեւ փոխվստահության մթնոլորտ ու տարածաշրջանային լիարժեք համագործակցություն հաստատելու կարեւորագույն հարթակ:
Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիությանը Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար եւ համոզմունք հայտնել, որ այս փոխգործակցությունը կշարունակվի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մակարդակներով:
Մեր տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի նկատմամբ Եվրամիության հավասարակշռված քաղաքականության ձեւավորման հարցում, հարգելի պարոն նախագահ, մենք հատկապես կարեւորում ենք Ձեր անձնական ներդրումը: Դուք, ունենալով փորձառու պետական գործչի եւ հմուտ բանակցողի բարի համբավ, կարողանում եք հարթել Եվրամիության առջեւ ծառացած խնդիրները եւ հաջողությամբ դիմակայել մարտահրավերներին:
Վստահ եմ, որ Ձեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում»: