Լուրեր
Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
04.07.2012
Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ պետականության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձի կապակցությամբ:
***
Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:
Չափազանց ոգևորիչ է տեսնել, որ 18-րդ դարում Ձեր երկրի հիմնադիրների կողմից հռչակված համամարդկային բարձրագույն արժեքներն այսօր էլ արդիական են հատկապես աշխարհի այն ժողովուրդների համար, որոնք դեռ պայքարում են հանուն անկախության, ազատության, արդարության և հավասարության:
Այս տարի մենք նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Հպարտորեն պետք է ընդգծեմ, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում և այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Իհարկե, մեր ժողովուրդների կապերը շատ ավելի խոր պատմություն ունեն, և դրանցում հատկապես մեծ և տեսանելի դեր ունի ամերիկահայ համայնքը, որը բազմաթիվ ամուր կամուրջներով կապել է մեր երկրները: Միջպետական հարաբերությունների երրորդ տասնամյակի շեմին մենք շարունակում ենք խորապես շահագրգռված մնալ Միացյալ Նահանգների հետ բազմակողմանի գործընկերային սերտ հարաբերությունների հետագա զարգացմամբ:
Հայ ժողովուրդը երախտապարտ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ անկախության վերանվաճումից ի վեր Հայաստանին համակողմանի և շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Բարձր գնահատանքի են արժանի նաև արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ձեր երկրի ջանքերը:
Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր ժողովրդին խաղաղություն և բարօրություն»: