Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

03.07.2012

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Աշխուժացել են բարձր մակարդակի երկկողմ շփումները, ինչպես Եվրամիության կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Եվրամիություն-Աժ համագործակցությունը` նշելով, որ խորհրդարանը մեծապես շահագրգված է փոխգործակցության խորացմամբ, որը կնպաստի նաեւ երկրում իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքին: Պարոն Աբրահամյանը հավաստեց Հայաստանը եվրոպական ընտանիքում, ժողովրդավարական երկրների շարքում տեսնելու ՀՀ իշխանությունների քաղաքական կամքն ու ցանկությունը:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նշեց, որ եվրոպական կառույցները բարձր են գնահատում Հայաստանի եւ Ազգային ժողովի հետ համագործակցությունը: Նրա համոզմամբ` Ազգային ժողովը մեծ դերակատարություն ունի երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հաջողության գործում, եւ այս համատեքստում բարձր գնահատեց խորհրդարանը բազմակարծության ամբիոն դարձնելու Հովիկ Աբրահամյանի ջանքերը: Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահի առաջիկա այցին տարածաշրջան` դեսպանը նշեց, որ Հայաստանը Արեւելյան Գործընկերության երկրներից առաջինն է, որ այցելելու է Հերման Վան Ռոմպոյը: Նրա խոսքով` Եվրոպական խորհրդի նախագահի այցը նշանակում է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում եւ խրախուսում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները եւ ողջունում է այդ ուղղությամբ մեր երկրի առաջընթացը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ կարեւորության այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին