Լուրեր
UNICEF-ի ներկայացուցիչը գոհ է Սյունիքում կատարված համատեղ աշխատանքների արդյունքից
27.06.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հունիսի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսին:
Ինչպես տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը քննարկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ երեխաների պաշտպանության եւ սոցիալական ծառայությունների զարգացման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:
Արենսը ներկայացրել է իրենց ուսումնասիրությունների արդյունքները` հատուկ կրթական հաստատություններում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ` անդրադարձել սոցիալական ծառայողների վերապատրաստման ծրագրին` գոհունակություն հայտնելով հատկապես Սյունիքի մարզում համատեղ աշխատանքի արդյունքներից:
Զրուցակիցները սոցիալական ծառայողների վերապատրաստման ծրագիրը կարեւորել են հանրապետությունում սոցիալական ինտեգրված ծառայությունների ներդրման գործընթացի համատեքստում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ UNICEF-ի հայաստանյան գրասենյակն առաջարկություններ կներկայացնի` իրականացվող որոշ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: