Լուրեր

Երիտասարդները ոչ են ասում թմրանյութերին

27.06.2012

Հունիսի 26-ին Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ իրականացրեցին «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիր: Միջոցառման նպատակն էր տեղեկացնել երիտասարդությանը թմրանյութերի կործանարար հետևանքների մասին։ Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, որն ապահովում էր «Դորիանս» խումբը։ Ակցիայի ընթացքում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողներն իրենց պատկերած նկարների միջոցով հանրության ուշադրությունը սևեռեցին այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկի՝ թմրամոլության վրա, երևույթ, որը շարունակում է կործանել մարդկային կյանքեր, ծնել հանցագործություն և սպառնալ կայուն զարգացմանը։ Ինչպես նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը, աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը վերջին 10 տարիների ընթացքում ավելացել է շուրջ 30 մլն-ով, և նմանատիպ միջոցառումները հնարավորություն են ընձեռում իրազեկման շնորհիվ կանխել թմրամոլությության տարածումը ՀՀ-ում: Միջոցառման ընթացքում բաժանվեցին թռուցիկներ, որոնցում բերված էին վիճակագրական տվյալներ` թմրանյութերի, վերջինիս կործանարար հետևանքների, թմրամոլների մասին: Միջոցառման ավարտից հետո ուսանողների նկարները նվիրաբերվեցին տարբեր բուժհաստատությունների:

← Վերադառնալ ցուցակին