Լուրեր
Ի պատիվ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք
26.06.2012
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի և տիկին Մարգիթ Ֆիշերի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից այսօր տրվել է պաշտոնական ընթրիք:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում անդրադարձել է ինչպես երկու բարեկամ ժողովուրդներին կապող միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմությանը, այնպես էլ դարերի խորքից եկող հայ-ավստրիական ժողովուրդների առնչություններին, այդ թվում՝ Ավստրիայում հայերի հիմնավոր և շարունակական ներկայությանը, որը վերագրվում է 18-րդ դարի վերջին, երբ հայ ժողովրդի կրթական ու մշակութային զարգացման, ազգային ինքնության պահպանման գործում հսկայական ավանդ ունեցած Մխիթարյան միաբանության վանականների մի խումբ նախ հաստատվեց Տրիեստում, ապա` Վիեննայում:
«Հայ-ավստրիական առնչությունների մասին խոսելիս չեմ կարող չհիշել մի ավստրիացի մտավորականի, ում անունը ոսկե տառերով է գրված մեր պատմության մեջ: Խոսքը Ֆրանց Վերֆելի մասին է, ով իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով աշխարհին մատուցեց Հայոց ցեղասպանության դաժան օրերին հայերի գոյապայքարի դրվագներից մեկը:
1988թ. Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Ավստրիան առաջին երկրների թվում էր, որ օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին, ապա հետևեց Գյումրիում Ավստրիական մանկական հիվանդանոցի և Ավստրիական թաղամասի կառուցումը, ինչի համար մենք մշտապես երախտապարտ ենք Ավստրիայի կառավարությանը:
Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո անցած 20 տարիների ընթացքում մեր երկրների հարաբերություններում նկատելի առաջընթաց է արձանագրվել, բայց և դեռևս մեծ է չօգտագործված ներուժը: Հայաստանը պատրաստ է իր կողմից բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակի կենսագործման համար:
Ավստրիան Եվրոպական Միության անդամ է, իսկ Հայաստանը որդեգրել է եվրոպական ընտանիքին մերձենալու ճանապարհը: Մեր հարաբերությունները Եվրամիության հետ զգալի առաջընթաց են արձանագրել, ինչի համար լայն հնարավորություններ է ընձեռում Արևելյան գործընկերություն ծրագիրը:
Մեր գոհունակությունն ենք հայտնում, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանն ընդգրկվել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում, և առաջիկայում համատեղ ծրագրեր կիրականացվեն գյուղատնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում, որոնցից երկուսն էլ կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար:
Համագործակցությունը զարգացնելու համար լուրջ ակնկալիքներ ունենք նաև մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում: Հատկապես կառանձնացնեի մշակույթի ոլորտը: Ավստրիական երաժշտությունն ու գրականությունը ոգեշնչել են բազմաթիվ սերունդների աշխարհի տարբեր անկյուններում: Կարծում եմ Ավստրիայում էլ շատերն են հետաքրքրված հայկական մշակույթով: Մեր ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը կարող է հենասյուն դառնալ այդ ոլորտում սերտ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ավստրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի ու ջերմ հյուրընկալության համար և իր բաժակաճառում նշել. «Հայաստանն ունի երեքհազարամյա պատմական անցյալ: Դեռ անտիկ ժամանակաշրջանում այն եղել է բարձրագույն արվեստների օրրան և առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Ուրախ ենք, որ վաղը տեսնելու ենք մշակութային այդ բացառիկ հուշարձաններից մի քանիսը, այդ թվում՝ Գեղարդի վանքային համալիր, որը 2000թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մասն է:
Ցավոք, հայ ժողովուրդը ստիպված է եղել պատմության ընթացքում նաև մեծ տառապանքներ ապրել. 1915թ. ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին հարգանքի տուրքը մատուցելու և ավստրիացի ժողովրդի հարգանքն արտահայտելու նպատակով այսօր հետկեսօրեին զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դրեցի և ծառ տնկեցի: Հայոց պատմության այլ փուլերում ևս եղել են ողբերգական դեպքեր:
Այսօր մենք ունենք ավելի քան քսան տարի գոյուություն ունեցող երկկողմ հարաբերություններ: Հայաստանը 1993թ. հարավկովկասյան առաջին պետությունն էր, որը Վիեննա գործուղեց իր դեսպանին, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում: Ավստրիան նույնպես վերջին տարիներին մշտապես ընդլայնել է իր ներկայությունը Հայաստանում:
Իմ պատվիրակության կազմում ժամանել են նաև ավստրիական բազմաթիվ ձեռնարկությունների ներկայացուցիչներ՝ նոր կապեր հաստատելու և նորանոր գործընկերներ գտնելու նպատակով: Կուզենայի այս պատեհ առիթով նաև հայ գործարարներին կոչ անել՝ օգտագործելու Ավստրիայի տնտեսության առավելությունները: Վիեննայի և Երևանի միջև «Ավստրիական ավիաուղիների» կողմից իրականացվող ուղիղ չվերթը կօգնի խորացնելու մեր կապերը:
Մեր երկրների միջև մշակութային լավ հարաբերությունները պահպանվում են նաև Մխիթարյանների շնորհիվ: Անցած տարի Մխիթարյան միաբանությունը տոնեց իր հիմնադրման 200-ամյա հոբելյանը: Հիշարժան է, որ 1847թ. Վիեննայում տպագրված «Եվրոպա» շաբաթաթերթը նպաստել է նոր հայերենի զարգացմանը:
Սրտանց շնորհավորում եմ Երևան քաղաքին «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ընտրվելու կապակցությամբ և ուրախ եմ, որ Ավստրիան ներկայացված է գրական պատկառելի ծրագրով:
Բացի գերազանց երկկողմ հարաբերություններից՝ մեր երկրներին միավորում է նաև լավ ձևավորված բազմակողմ համագործակցությունը»: