Լուրեր

Երևանի քաղաքապետի մասնակցությամբ կայացել է եռաչափ նկարի շնորհանդեսը

26.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի և <<Ամերիբանկ>>-ի համագործակցության արդյունքում հունիսի 1-20-ն անցկացված <<Երազանքների պատ>> ծրագրի շրջանակում իրականացված եռաչափ նկարի շնորհանդեսին: Հաշվի առնելով Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին <<Երազանքների պատերին>> տեղ գտած բազմաթիվ խնդրանքները` կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակը ձևավորվել է եռաչափ պատկերով: Այդ նպատակով <<Բի Բի Մեդիա>> գովազդային գործակալության միջոցով Երևան էր հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը: Մայրաքաղաքում ծրագիրն իրականացվում է առաջին անգամ: Ի դեպ, երևանյան նկարն իր չափերով նկարչի նմանատիպ ամենամեծ աշխատանքն է աշխարհում:Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս նախաձեռնությունը քաղաքապետարան-մասնավոր կառույցներ արդյունավետ համագործակցության հերթական օրինակն է, որը լինելու է շարունակական:
<<Մեր գործընկերոջ հետ նախաձեռնելով <<Երազանքների պատ>> ակցիան` նպատակ էինք դրել տեղեկանալ Երևանի զարգացման ու գեղեցկացման հարցում մեր համաքաղաքացիների և, ինչու չէ, նաև մայրաքաղաքի հյուրերի մոտեցումներին: Առաջիկայում կամփոփվեն բոլոր երազանքները, և կմշակվի հատուկ նախագիծ, որը կներկայացնի հավաքական այն երազանքը, որի իրագործման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ, տեսնելով քաղաքացիների ոգևորությունը, Ազնավուրի հրապարակի եռաչափ նկարը, թերևս, միակը չի լինի Երևանում: Աշխատանքը 5 օր շարունակ կատարվել է ծածկի տակ ջրակայուն և ջերմակայուն հատուկ ներկերով: Նկարը եռաչափ պատկերով տեսնել հնարավոր է միայն նշված մեկ կետից: Լուսանկարվել ֆոնին երևանցիները կկարողանան դեռ մի քանի ամիս շարունակ:
<<Քաղաքն օրեցօր ու հաճելիորեն կերպարանափոխվում է: Ու այս հարցում, անշուշտ, իր մեծ ներդրումն ունի անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Դա ևս մեկ խթան է, որ մենք շարունակենք համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ և փորձենք կյանքի կոչել նոր ծրագրեր ու մտահղացումներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքի արտաքին տեսքի էլ ավելի գեղեցիկ ձևավորմանը>>,- նշել է <<Ամերիաբանկ>>-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նշենք, որ <<Երազանքների պատերին>> և ֆեյսբուքյան էջին տեղ են գտել ավելի քան 4000 տարբեր երազանքներ ու ցանկություններ, որոնցից մոտ 800-ը եղել են 3D սթրիթ արթի վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին