Լուրեր

Ազգային ժողովը քննարկում է Սեվանա լճից հավելյալ 150 միլիոն խմ ջուր բաց թողնելու հարցը

22.06.2012

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հունիսի 20-ին մեկնարկած արտահերթ նստաշրջանը: Խորհրդարանի այսօրվա նիստում քվեարկության դրվեցին և ընդունվեցին մի շարք օրենքներ:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու նախագծերը՝ ձայների 101 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Բացի այդ, երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին նաև «Արտոնագրային վճարների մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված են նաև «Սևանա լճի մասին» օրենքում լրացում կատարելու հարցը և երեք միջազգային պայմանագիր:

Կառավարությունը դիմում է Ազգային ժողովին Սևանա լճից հավելյալ 150 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջրառ կատարելու թույլտվության համար: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ նման խնդիր առաջացել էր նաև 2008թ-ին: «Այս տարին սակավաջուր տարի էր Սևան-հրազդանյան համակարգի երկու խոշորագույն ջրամբարները՝ Ազատի և Ապարանի ջրամբարները, ջրային դեֆիցիտ ունեն»,- նշեց Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այդ դեֆիցիտի ծածկման միակ աղբյուրը Սևանա լիճն է:

«Մեր կանխատեսումներով շուրջ 40 հազար հա հողատարածքի ոռոգման պահանջարկը բավարարելու համար մենք հավելյալ 150 մլն խորանարդ մետր ջրի կարիք ենք ունենալու»,- նշեց Անդրեասյանը:

Առաջարկվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով լճից ոռոգման նպատակով թույլատրելի ջրառի քանակը սահմանել 320 միլիոն խորանարդ մետր:

← Վերադառնալ ցուցակին