Լուրեր
Երևան-Մարսել համագործակցությունը 20 տարեկան է
22.06.2012
Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք: Այցի առաջին օրը` հունիսի 21-ին, Տարոն Մարգարյանը հանդիպել է իր գործընկերոջ` Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ:
Ողջունելով Երևանի քաղաքապետին և նրան ուղեցկող պատվիրակության անդամներին` Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամության ակունքները շատ ավելի խոր արմատներ ունեն, քան անցած 20 տարիները: Երևանի և Մարսելի համագործակցությունը դիտարկելով հայ-ֆրանսիական ներկայիս ամուր և ջերմ հարաբերությունների համապատկերում` Մարսելի քաղաքապետն ընդգծել է, որ երկու քաղաքների համագործակցությունը այդ տեսանկյունից ևս պետք է լինի համարժեք և համակողմանիորեն ընդգրկուն: <<Վստահեցնում եմ Ձեզ պարոն քաղաքապետ, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր քաղաքների միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը և կշարունակենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այն էլ ավելի ամրապնդվի և նորանոր հաջողություններ արձանագրի>>,- նշել է Ժան-Կլոդ Գոդենը:Շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի և ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Մարսելի քաղաքապետի կողմից Հայաստանին և հայությանն առնչվող հարցերի նկատմամբ մշտապես ցուցաբերվող գործնական հետաքրքրությունը: <<Մարսելի և Երևանի 20-ամյա համագործակցությունը ևս մեկ վկայությունն է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և, եթե հաշվի առնենք նաև ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի համար Մարսելի երկրորդ հայրենիք դառնալու հանգամանքը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Մարսելն իրապես մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման գործում>>,-ընդգծել է Երևանի քաղաքապետը: Անդրադառնալով Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու քաղաքների միջև գործակցության առկա ներուժին և զարգացման հեռանկարներին համահունչ՝ ցանկալի է վերանայել համագործակցության համաձայնագիրը. <<Այդպիսով մենք կհստակեցնենք փոխգործակցության առաջնահերթություններն ու վստահաբար կապահովենք երկուստեք փոխշահավետ արդյունքներ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` առաջարկելով ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն համագործակցության բոլոր առաջարկները:Երևանի քաղաքապետը Ժան-Կլոդ Գոդենին առաջարկել է նաև Մարսելի քաղաքապետարանի աջակցությամբ ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Երևանի ներդրումային դաշտը և առաջարկել նրանց փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնել Երևանում։Նույն օրը Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացնելով Երևանում ներդրումային հնարավորություններն ու բարենպաստ միջավայրը` Տարոն Մարգարյանը նշել է. <<Երևանի քաղաքապետարանը որդեգրել է շատ կարևոր մի սկզբունք, ըստ որի մենք բաց ու պատրաստակամ ենք քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի Երևանի զարգացմանը: Հաշվի առնելով, որ Երևանի և Մարսելի փոխգործակցությունը զարգացման ու ընդլայնման բավականաչափ ներուժ ունի, վստահ եմ, որ դուք էլ ավելի ակտիվ մասնակցություն կարող եք ունենալ Երևանի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերում>>,- ընդգծել է քաղաքապետը։Հանդիպմանը ներկա ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու` Պատրիկ Մալաքյանի հետ զրույցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ ներկայում քննարկվում է Երևանում մեծ կինոռեժիսորի անունով փողոց անվանակոչելու հարցը: Իր և ողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար` Պատրիկ Մալաքյանը նշել է, որ դա իսկապես մեծ պատիվ է իրենց համար, և վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում կաջակցի Երևանում իրականացվող ծրագրերին։