Լուրեր

Սերժ Սարգսյանը ոստիկանության զորքերի դերն անգնահատելի է համարում

21.06.2012

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հունիսի 21-ին ոստիկանության զորքերի կազմավորմանը նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Արմեն Սեդրակյանն ընթերցեց Սերժ Սարգսյանի ուղերձը, որում ասված է.

«Շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարությանը եւ ողջ անձնակազմին կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Քսան տարի առաջ ձեւավորվեց պետական մի կառույց, որի դերն ու նշանակությունը անհնարին է գերագնահատել: Նա մեր երկրի ու հասարակության զարգացմանը զուգընթաց անցավ հասունացման, ամրացման ու մասնագիտական վերելքի պատվավոր ճանապարհ` Արցախյան ազատամարտից մինչեւ Հայաստանի սահմաններ ու մերօրյա խնդիրներ: Գոյության երկու տասնամյակի ընթացքում ոստիկանության զորքերը հասցրել են շատ բան անել: Համոզված եմ, որ այսօր կան ավելի շատ եւ ավելի լավ աշխատելու թե՛ գիտակցությունը, թե՛ պատրաստակամությունը: Հասարակական կարգի պաշպանությունը, ինչպես նաեւ հասարակական անվտանգության ապահովումն օր օրի կատարելագործվում են, որն առաջին հերթին ոստիկանության զորքերի անձնվեր ծառայության արդյունքն է: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ձեր գործունեության մեջ, նոր մոտեցում ու նոր վարքագիծ հաստատապես գնահատում է ձեր գործունեության հասցեատերը` ՀՀ քաղաքացին: Ոչինչ աննկատ չի մնում, եւ յուրաքանչյուր նոր ձեռքբերում ավելացնելու է ձեզնից յուրաքանչյուրի ու ողջ համակարգի հեղինակությունը` հպարտության նոր լիցքեր հաղորդելով բոլորին: Ձեր արհեստվարժությունից այսօր շատ բան է կախված, մասնավորապես պետության ներկայացուցչի հանդեպ մարդկանց վերաբերմունքը: Կրկին շնորհավորում եմ, մաղթում անփորձանք եւ արդյունավետ ծառայություն հանուն մեր պետության եւ ժողովրդի անվտանգության, ներկայի եւ գալիքի»:

ՀՀ Նախագահի հրամանագրով` ոստիկանության զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ոստիկանության զորքերի ծառայողները արժանացան պետական պարգեւների:

← Վերադառնալ ցուցակին