Լուրեր

Հրայր Թովմասյանը առաջիկա չորս տարիների դատաիրավական ծրագիրն ավելի հեռահար է համարում

21.06.2012

Դատաիրավական բարեփոխումները ցանկացած երկրում անընդհատ ու շարունակական են: Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Հասարակական զարգացման յուրաքանչյուր փուլում նոր խնդիրներ են դրվում եւ փորձ է արվում դրանք լուծել: Եթե առաջին փուլում մենք ունեինք դատարանակազմության, դատավարական օրենսգրքեր ունենալու խնդիր, ապա այս փուլում բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են եւ խոչընդոտում են ներպետական մեխանիզմի առավել արդյունավետ աշխատելուն, վեր են հանված եւ մատնանշված են առաջին չորս տարիների ընթացքում փոփոխությունները»,-նշեց Թովմասյանը: Նա ընդգծեց, որ նոր ծրագիրը որոշակիորեն տարբերվում է նախորդ դատաիրավական բարեփոխումների ծրագրից այն առումով, որ այն շատ ավելի ընդգրկուն է:

«Եթե դատաիրավական բարեփոխումներ ասելով մենք նախկինում հասկացել ենք բացառապես դատարաններն ու դատավարական օրենսգրքերը, ապա այս անգամ դրանց ավելացել է ամբողջ նյութական իրավունքի բազան` քրեական, քաղաքացիական, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերը, փաստաբանությունը, դատախազությունը, քրեակատարողական ծառայությունը, նոտարիատը, զագսը, անգամ` իրավաբանական կրթությունը»,-հավելեց նախարարը:

Թովմասյանի տեղեկացմամբ` ծրագրում մատնանշվում են այն հիմնական ուղղությունները, խնդիրները, միջոցառումների ցանկը, որ այս ժամանակահատվածում պետք է կատարվեն: Այս ծրագիրն ավելի հեռահար նպատակներ է հետապնդում, թեպետ ծրագրով նախատեսվում է, որ 2014-16թթ-ի համար հնարավոր է լրացուցիչ փոփոխություններ կատարվեն: Գլխավոր ցուցիչը, որը չափելի պետք է լինի այս ծրագրի իրականցման արդյունքում, լինելու է այն, թե մեր պետական համակարգը որքան է առավել արդյունավետ աշխատում, որքան է դատական իշխանությունը առավել արդար, որքան է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններն առավել պարզ:

Ծրագիրն ունի հակակոռուպցիոն ուղղվածություն. յուրաքանչյուր փոփոխության, նախագծերի հիմքում դրանք են դրված: Նախարարի խոսքով` մյուս ուղղությունը պետության կողմից մատուցվող ծառայություններն են: «Ծրագրի ավարտին մենք ունենալու ենք հետեւյալ պատկերը` ծառայությունների 80-90-ի տոկոսը մատուցվելու են մեկ օրվա ընթացքում, մեկ պատուհանի, մեկ այցելության միջոցով կամ դրանք մատուցվելու են առցանց եղանակով»,-նշեց Թովմասյանը:

← Վերադառնալ ցուցակին