Լուրեր
Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը. ԱԺ նախագահը հանդես եկավ արտահերթ ելույթով
21.06.2012
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ին շարունակեց կառավարության գործունեության ծրագրի քննարկումը:
Գործադիրի ներկայացրած հնգամյա ծրագրի վերաբերյալ պատգամավորները շարունակեցին տեսակետներ հայտնել:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր գործընկերների ուշադրությունը հրավիրեց կառավարության ծրագրով նախատեսված` աղքատության դեմ պայքարի ուղղություններին` ասելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու կենսաթոշակային բարեփոխումները կբարելավեն սոցիալական վիճակը: Խմբակցության մեկ այլ պատգամավոր` Շիրակ Թորոսյանը, կառավարության ծրագիրը գնահատեց տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից` դրական միտում համարելով ջավախահայության խնդիրներին վերաբերող` ծրագրում արտացոլված դրույթը: Պատգամավորը ողջունելի համարեց նաեւ կառավարության նպատակադրումը սփյուռքի ներուժն օգտագործելու հարցում: Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով ընդդիմախոսների գնահատականներին ծրագրի ընդհանրական բնույթի մասին, նկատեց, որ կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, հռչակագիր ու հնգամյա քաղաքականության հիմնական ուրվագիծը: Նրա կարծիքով` այս ծրագրի` հանրության հիմնական սպասումներին համապատասխանելու ապացույցը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են: Գագիկ Մինասյանը նույնպես անդրադարձավ հանրության վստահության խնդրին եւ ասաց, որ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագիրը, որն արտացոլված է կառավարության ծրագրում, քննարկել է հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպումներում: Պատգամավորը ձեռքբերում համարեց գործադիրի` արտաքին ռիսկերը նվազագույնի հասցնելու եւ հնգամյա ծրագիրը մեծապես ներքին ռեսուրսների հաշվին իրագործելու մոտեցումը: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրում արտացոլված են նաեւ իր կուսակցության նախընտրական հիմնական դրույթները, եւ առանցքային համարեց աշխատատեղեր ստեղծելու, նվազագույն աշխատավարձն ավելացնելու եւ ծնելիությունը խթանելու ուղղությամբ գործադիրի քայլերը:
Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավորները բացասական գնահատական տվեցին քննարկվող ծրագրին: Լյուդմիլա Սարգսյանը մասնավորապես խոսեց հանքարդունաբերության եւ բնապահպանության ոլորտներում իրականացվող անթույլատրելի քաղաքականության մասին: Լեւոն Զուրաբյանն իր ելույթում բարձրացրեց կառավարութանը վստահելու հարցը` նշելով, որ կառավարության կազմը գրեթե չի փոխվել, եւ նախորդ չորս տարիների աշխատանքը դիտարկելով է պետք գնահատել այս կառավարության գործունեությունը: Արամ Մանուկյանը անդրադարձավ արտագաղթի խնդրին` թվային մեջբերումներով հիմնավորելով դրա սպառնալիքները, իսկ 90-ական թվականների արտագաղթը հիմնականում պայմանավորեց երկրաշարժով ու պատերազմով:
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն իր արտահերթ ելույթում խոսեց տարածքների համաչափ զարգացման եւ այս նպատակով կատարված քայլերի մասին: Եթե 2008 թ. մայրաքաղաքին էր ուղղվում բյուջետային միջոցների 50 տոկոսը, ապա 2011 թ. համայնքների ֆինանսավորումը կազմել է 69 տոկոս`19 տոկոսով ավելի, ինչը վկայում է համայնքների համաչափ զարգացման բարելավման մասին: Եւ այս քաղաքականությունը, նախարարի հավաստմամբ, շարունակվելու է: Փոխվարչապետն անհերքելի համարեց առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության ոլորտներում մարզերում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները: Նրա գնահատմամբ` այլ խնդիր է, որ դրանք դեռ բավարար չեն. կառավարությունը շարունակելու է առաջիկա տարիներին հանրապետության 913 համայնքներն էլ ավելի զարգացնելու քաղաքականությունը:
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, բարձր գնահատելով կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրի դրույթները, հատկապես կարեւորեց աղետի գոտում բնակարանաշինական ծրագրերի, վթարային շենքերի վերականգնման, ինչպես նաեւ անվճար ծննդօգնության շարունակականությունն ապահովող նախագծերը:
ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն իր ելույթում անդրադարձավ արտագաղթին եւ այն ծնող պատճառներին, ժողովրդագրական խնդիրներին, ծնելիության անկմանը: Ըստ նրա` արտագաղթի համար նպաստավոր հանգամանքներ են արտաքին եւ ներքին ճնշող պայմանները:
ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով` կառավարության ծրագրում անտեսված են հասարակական պաշտպանության, բանակաշինության, ազգային անվտանգության, ինչպես նաեւ արդարադատության համակարգերը: Չի երեւում, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու դատական համակարգի բարեփոխման համար:
ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին, քանի որ այն նախատեսում է նվազագույն աշխատավարձի կրկնապատկում, բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված քայլեր:
ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի համար զարմանալի էր ընդդիմադիր որոշ պատգամավորների քննադատությունը` ուղղված ծրագրի կատարման ռիսկերի գնահատմանը: Ըստ նրա` այդ առումով կառավարության որդեգրած մոտեցումն ընդունելի է, քանի որ դեռեւս հաղթահարված չէ նախորդ տարիների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, եւ հնարավոր է երկրորդ ալիքը:
ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը հատկապես կարեւորեց բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության ծրագրերը: Նա նշեց, որ այդ նպատակով նախորդ գումարման Ազգային ժողովը քննարկել է 400-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը թեեւ չժխտեց կառավարության ծրագրում որոշ դրական կետերի առկայությունը, այնուամենայնիվ նկատեց, որ այն ամբողջական չէ, եւ չկա նախագծերի իրականացման ժամկետների հստակություն:
ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանի կարծիքով` տնտեսական գործունեություն իրականացնող քաղաքացիները չեն ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները: Նախագծից դուրս են մնացել հարկային վարչարարության վերաբերյալ դրույթները:
Արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով նախորդ կառավարության հասցեին հնչեցված քննադատական ելույթներին` ՀՀ ԿԳ նախարարն անթույլատրելի համարեց հատվածական պատասխանատվության վերաբերյալ տեսակետները` հիշեցնելով, որ նախորդ կառավարության մաս են կազմել թե «Օրինաց երկիրը», թե ՀՅԴ-ն եւ թե ԲՀԿ-ն: Նախարարը նշեց, որ կառավարության կազմից այդ ժամանակահատվածում դուրս եկավ միայն ՀՅԴ-ն: Այս իրավիճակում նա անհասկանալի համարեց որոշ պատգամավորների ձեւակերպած «ձախողված կառավարություն» արտահայտությունը:
Կառավարության ծրագրի վերաբերյալ պատգամավորների ելույթներից հետո տեսակետներ ներկայացրին խորհրդարանի քաղաքական ուժերը:
ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` կառավարության ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանում Հայաստանում առկա իրողություններին եւ երկրի ու հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին: Նոր կառավարությունը, ըստ խմբակցության ղեկավարի, լինելով նախորդի կրկնությունը, ոչ մի վստահություն չի ներշնչում, որ ընդունակ է ծրագիր իրականացնելու: Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրին:
Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ծրագիրը համարժեք չէ իրականությանը, իրատեսական չեն առաջիկա հինգ տարիների համար կառավարության նախատեսած մեխանիզմները: Պատգամավորի գնահատմամբ` Հայաստանում աղքատությունը 50 տոկոսից ավելի է, իսկ արտագաղթը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Նա տեղեկացրեց, որ «ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով` ՀՀ կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագրի արդյունավետ իրականացմամբ են պայմանավորված երկրի առաջիկա 5 տարիների բազմակողմ զարգացման հեռանկարները: Նա տեղեկացրեց, որ ՕԵԿ նախընտրական ծրագրում ընդգրկված բազմաթիվ դրույթներ տեղ են գտել ներկայացված ծրագրում եւ առաջարկեց նորարարական եւ խորքային լուծումներ պետության ու հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: Ծրագիրը ներառում է ինչպես նոր, այնպես էլ նախորդ ծրագրերի շարունակականությունն ապահովող դրույթներ: ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին եւ հետագայում եւս ձեռնամուխ է լինելու այդ ծրագրի ապահովմանն ուղղված օրենսդրական փաթեթների մշակմանն ու ընդունմանը:
ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Հրանտ Բագրատյանը: Նրա գնահատմամբ` ծրագրի քննարկումը տեղի է ունենում ՀՀ-ի համար լուրջ տնտեսական եւ քաղաքական պայմաններում: Ծրագրի քննարկումը հնարավորություն է տալիս գնահատելու նախորդ 5 տարիների արվածը եւ առանձնացնելու առաջիկա անելիքները: Հրանտ Բագրատյանը նշեց, որ ՀԱԿ խմբակցությունը քննարկել է ծրագիրը եւ եկել է այն եզրակացության, որ այն չի համապատասխանում մեր իրականության պահանջներին, մասնավորապես կառավարությունը չի փորձել վերլուծել նախորդ 5 տարիների գործունեությունը եւ դրա հիման վրա ներկայացնել կոնկրետ գործողությունների ծրագիր: ՀԱԿ խմբակցության կարծիքով` ներկայացված ծրագիրը չի կարող հավակնել` դառնալու երկրի ուղեցույցը առաջիկա տարիներին, ուստի կոչ է անում դեմ քվեարկել ծրագրին:
ԲՀԿ-ի տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ամփոփելով քննարկվող հարցի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը: Ըստ խմբակցության քարտուղարի` երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներն անցած տարիների ընթացքում խորացել են, ինչի պատճառով ԲՀԿ-ն չի ցանկացել մաս կազմել ներկայիս կառավարությանը: ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ներկայացված ծրագրին:
ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Չհամաձայնելով ծրագրի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին եւ քննադատություններին` Գալուստ Սահակյանը դրանք գնահատեց ոչ կառուցողական: Նա նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին` դրանով կառավարությանը հնարավորություն տալով լուծելու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները:
Արտահերթ ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը.
«Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել կառավարության ծրագիրը, որը քաղաքական փաստաթուղթ է: Ինձ համար առանձնահատուկ կարեւոր էին այս քննարկումները: Կարեւոր էին երկու պատճառով. նախ` սա խորհրդարանի առաջին լիարժեք աշխատանքային նիստն էր, որտեղ համակողմանի բանավեճ էր ընթանում: Մեր աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար ես ինքս ինձ հարցեր ունեի եւ դրանց պատասխաններն այսօր ստացա: Ինձ համար հիմա ավելի քան հստակ է, որ մենք կարողանալու ենք արդյունավետ աշխատանք կազմակերպել Ազգային ժողովում եւ մենք ունենք լավ խորհրդարան:Շատ կարեւորում եմ նաեւ Ազգային ժողով-կառավարություն այս առաջին քննարկումը: Բազմաթիվ մոտեցումներ եղան, եղան գոհունակության խոսքեր, եղավ սուր քննադատություն, լսեցինք նաեւ սպասողական դիրքորոշումներ եւ ուղղակի մեղադրանք: Ամեն ինչ եղավ: Ասեմ, որ ինձ ամեն ինչ դուր եկավ, սխալ կլինի: Բայց մի բան կար այս քննարկման մեջ, որը ես ուզում եմ առանձնացնել, եւ որը հենց ամենակարեւորն էր: Այս քննարկումն իրականում քննարկում էր Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ մոտեցումների շուրջ, եւ սա «հանուն» քննարկում էր:
Օրեր առաջ ես այս ամբիոնից ձեզ խոստացել էի, որ դեռ շատ առիթներ են լինելու ներքուստ համոզվելու նախկին որոշ պատկերացումների կեղծության մեջ եւ կրկին հիշելու, որ պարտադիր չէ, որ մեր մտավախությունները լինեն դիմացինի մտադրությունները: Կառավարության ծրագրի քննարկումը հենց այդ մասին էր. այն մասին էր, որ պարտադիր չէ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ամեն ինչ ասեն ու անեն, միայն թե ընդդեմ լինի իշխանությանը, եւ հակառակը` պարտադիր չէ, որ իշխանության ներկայացուցիչների ասածները միշտ լինեն անընդունելի: Սա քաղաքական բանավեճ էր, ապագայի ճանապարհի ընտրության վերաբերյալ մոտեցումների բախում էր, եւ հենց դրա համար ենք մենք այստեղ, ու դրա համար են մեր ընտրողները մեզ գործուղել խորհրդարան: Ես համարում եմ, որ մեր աշխատանքների սկիզբը արդյունավետ ապագա է խոստանում, եւ դա ինձ անկեղծորեն ուրախացնում է:
Այժմ կառավարության ծրագրի մասին: Կառավարությունն իրականում ներկայացրել է իրատեսական եւ ընդգրկուն փաստաթուղթ, որն իր հիմքում ունի մեր հարյուր հազարավոր քաղաքացիների սատարումը, քանի որ ուղղակիորեն կազմված է Հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիման վրա: Ես տեղյակ եմ նաեւ, որ մյուս քաղաքական ուժերի ծրագրերից էլ դրույթներ են տեղ գտել այս փաստաթղթում: Կառավարության ծրագիրը երկրում փոփոխությունների անհրաժեշտության գիտակցմամբ կազմված ծրագիր է, այն հենց փոփոխությունների մասին է, որոնք պիտի ընդգրկեն գրեթե բոլոր բնագավառները: Եվ, ինչպես հանրապետության նախագահն է նշում, «Փոփոխությունները պետք է հասնեն ամենուր եւ չպետք է ուշանան»:
Քաղաքական այս թեզը իրականացնելու հնարավորությունը այս ծրագիրն իսկապես տալիս է: Այլ բան է, որ այս նույն ծրագրով հնարավոր է նաեւ դանդաղում կամ լճացում: Այո, հնարավոր է, չեմ բացառում: Սակայն հենց դրա համար են բոլոր այն վերհսկողական մեխանիզմները, որոնք մենք այսօր ունենք: Առաջին եւ ամենախիստ վերահսկողությունը լինելու է հենց Հանրապետական կուսակցության ներսում, ներկուսակցական վերահսկողական մեխանիզմների միջոցով: Եթե նման ծրագրով կառավարությունը ինչ-ինչ պատճառներով անգամ դանդաղի, ինչի տրամադրվածությունը ես կառավարության անդամների մոտ անկեղծորեն ամենեւին էլ չեմ տեսնում, ապա ես կհամարեմ, որ նաեւ մենք` որպես Ազգային ժողով, լավ չենք աշխատել: Մենք ունենք օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները թե սատարելու կառավարությանն իր ծրագիրն իրականացնելու հարցում եւ թե խստագույնս պահանջելու նրանից իր ստանձնած պարտավորությունների անշեղ կատարումը: Մենք պարզապես պետք է ընկալենք, որ քննարկվող փաստաթուղթը սոսկ կառավարության գործունեության ծրագիր չէ, այն մի ծրագիր է, որով պետք է առաջ տանենք մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ապագա ժամանակահատվածում եւ այդքանով իսկ այն կարեւոր է բոլորիս համար, բացառապես բոլորիս:
Կարեւոր եմ համարում նաեւ այն գաղափարը, որը հնչեցվեց քննարկման ընթացքում իմ գործընկերների կողմից առ այն, որ կառավարության գործունեության քննարկվող ծրագրի հիման վրա պետք է մշակվեն ծրագրով նախատեսվող յուրաքանչյուր ռազմավարական նպատակի ապահովումը երաշխավորող կոնկրետ ենթածրագրեր` մանրակրկիտ տնտեսական հիմնավորումներով, իրականացման գործիքակազմով, ինստիտուտներով, փուլային ցուցանիշներով եւ այլն: Այդ ենթածրագրերը պետք է մշակի կառավարությունը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների անմիջական մասնակցությամբ: Դրանք ըստ էության պետք է դառնան կառավարության օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտ հիմքը: Չեմ բացառում, որ այդ նոր քաղաքական ավանդույթը ձեւավորվելուց հետո այն կարող է իր արտացոլումը գտնել ԱԺ կանոնակարգում: Դա արդեն հետագա քննարկումների խնդիր է:
Ի՞նչ է ուզում կառավարությունը, ի՞նչ է ուզում Ազգային ժողովը, ի՞նչ է ուզում մեծամասնություն ստացած քաղաքական ուժը: Կառավարությունը` հանձին վարչապետի, բազմաթիվ առիթներով մինչեւ ծրագիրը ԱԺ ներկայացնելը առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին` իշխանություն, թե ընդդիմություն, համագործակցել, ծանոթանալ ծրագրին, ներկայացնել առաջարկներ: Եվ դա իմ կարծիքով շատ ճիշտ դիրքորոշում է վարչապետի կողմից` ներքաշել, մասնակից դարձնել բոլոր քաղաքական ուժերին: Մեր բոլորի նպատակն է, որ երկիրը բարգավաճի, ծաղկի, զարգանա, ունենա կայուն տնտեսություն, կայուն զարգացում»:
Հանրապետության վարչապետը եզրափակիչ խոսքում անդրադարձավ պատգամավորների ելույթներին` պատասխանելով քննադատությանը եւ առաջարկներին: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին շահագրգիռ քննարկումների համար: Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ քննարկումների այս ոճը նպաստելու է մեր պետության զարգացմանը. քվեարկելով հօգուտ այս ծրագրի եւ տալով վստահության քվե` միասին հնարավոր կլինի ապահովել երկրի կայուն զարգացումը:
Ազգային ժողովի պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին կառավարության գործունեության ծրագիրը:
Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանն ավարտեց աշխատանքը: